Ալիեւը Թուրքիային եւ Իրանին «հրավիրել» է օգտվել Զանգեզուրի միջանցքից

Աննա Անտոնյան Մարտ 05, 2021

Բաքուն, Անկարան եւ Թեհրանը մտադիր են համատեղ զարգացնել տարածաշրջանում տրանսպորտային նախագծերը, «Երեւանը նույնպես կարող է դրանցից օգուտ ստանալ, եթե իրեն նորմալ պահի», հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները:

«Ադրբեջանը, Թուրքիան եւ Իրանը տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրականացման վերաբերյալ ընդհանուր դիրքորոշում ունեն: Եթե Հայաստանն իրեն նորմալ պահի, կարող այդ գործընթացից շահել»,- հինգշաբթի Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում ասել է Ալիեւը:

 

 

Նա նշել է, որ երկրորդ ղարաբաղյան պատերազմն ավարտվել է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը թողնելով անցյալում:

«Ինչպես արդեն ասել եմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավարտվել է Հայաստանի դեմ Ադրբեջանի փառավոր հաղթանակիրց հետո: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անցյալում է: Մենք հիմա մտածում ենք ապագայի մասին: Մենք սկսել ենք տրանսպորտային նախագծերի քննարկումը, որոնք շատ երկրների են միավորում՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման համար»,- շեշտել է Ադրբեջանի նախագահը, որի խոսքը մեջբերել է «Ինտերֆաքս-Ազերբայջանը»:

Դրանից բացի, նա հայտարարել է, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը նախատեսում է տրանսպորտային միջանցքի կառուցում, որը Ադրբեջանը կկապի Նախիջեւանի եւ Թուրքիայի հետ:

Սրա հետ կապված նա Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել միանալ նախագծին:

«Ցանկանում եմ նշել, որ նոր միջանցքը, որը կանցնի Ադրբեջանի պատմական տարածքով՝ Զանգեզուրով եւ Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի ինքնավար հանարապետության եւ Թուրքիայի հետ, տրանսպորտային հատվածում նոր հնարավորություններ կստեղծի: Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին հրավիրում ենք օգտվել Զանգեզուրի միջանցքից»,- հավելել է նա:

news.am

Կիսվել