«Ես գիտակցում եմ, որ ինձ 2-րդ անգամ է կյանք շնորհվել»-Անուշավան Ասատրյան

Աննա Անտոնյան Փետրվար 09, 2021

Հայոց պատմության հերոսներն անթիվ-անհամար են, իրական պատմություն կերտողներն են իրենք, որ արժանի են ամենաբարձր գնահատանքի։ Հերոսապատումը շարունակվում է․․․

Անուշավան Ասատրյան

 

Հայաստանի առաջնությունների բազմակի չեմպիոն և մրցանակակիր Անուշավան Ասատրյանը մերօրյա Հերոս է, ում հետ պատիվ ունեցա զրուցել կյանքի ու պատերազմի մասին։ Հերոսը Ծնվել է 2001թ․ նոյեմբերի 13-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Զբաղվում է բռնցքամարտով։ Անուշավանն ունի 23 մեդալ, որից 20֊ը՝ վաստակել է առաջին տեղի համար։

 

Զինվորը Ստեփանակերտում իր ծառայությունն էր անցկացնում, երբ բռնկվեց չարաբաստիկ պատերազմը։ Պատերազմի առաջին օրվանից քաջաբար կռվել է Մարտակերտում մղվող կատաղի մարտերում` որպես ԲՄՊ֊ի նշանառու։

Անուշավանը թեժ մարտի պահին վիրավորվել է, սակայն վերքը չի խանգարել իրեն կռվել վիրավոր վիճակում և, ըստ հրամանի, նահանջել շուրջ 30 րոպե։

Հերոսի հետ զրուցեցի ամենակարևորի մասին։ Որպիսությունն իմանալուց հետո անցանք թեմատիկ հարցերին։

-Ի՞նչ մտքեր ունեիր կռվի ժամանակ, ի՞նչ էիր մտածում վիրավոր կռվելիս։

-Առաջին միտքն էն էր, որ էս կռիվը շուտ վերջանա, որովհետև օր օրի ամեն ինչ ավել էր սրվում ու վատանում։ Էդ ժամանակ ամբողջ կյանքն էր աչքիս առաջ գալիս։ Բոլորս մտածում էինք վերջապես տուն հասնելու մասին։

Բայց կռվից հետո․․․ամեն ինչին սկսում ես այլ կերպ նայել, կյանքը փոխվում է անասելի։

-Իսկ ի՞նչը փոխվեց պատերազմից հետո, ի՞նչ գաղափարներով ես հիմա առաջնորդվում։

-Շատ բան փոխվեց։ Ինչին էն ժամանակ մատների արանքով եմ նայել, հիմա վերանայում եմ, արժևորում եմ ամեն ինչ։ Ես գիտակցում եմ, որ ինձ 2-րդ անգամ է կյանք շնորհվել։ Էս կյանքը ավելի ճիշտ պիտի օգտագործեմ հիմա։

-Վախ զգացե՞լ եք երբևէ, ժամանակ ունեցա՞ք թեժ կռիվներում վախ զգալ։

-Անհնար է, որ որևէ մեկը չվախենար կամ վախ չզգար մի քիչ ։ Բայց էդ վախն էր հենց, որ ստիպում էր ելքեր գտնել, դուրս գալ դժվար իրավիճակներից ու պատվով կատարել մեզ վստահված ռազմական առաջադրանքը։

-Թանկ ընկերներ եք կորցրել․․․

-Շատ։

Այս մասին նախընտրել ենք չխոսել ավելին։ Չկա որևէ մեկը, որ կարողանա անտարբեր անցնել, որևէ մեկը, ում կողքով չի անցել պատերազմը, չկա որևէ մեկը, որից պատերազմը թանկ կյանքեր չի խլել։

-Ամեն դեպքում, այդ ամենից հետո հիմա դեռ ծառայում ես․ ի՞նչ տրամադրությամբ է շարունակվում ծառայությունը։

-Այո, ծառայում եմ։ Կարելի է ասել՝նորմալ, դեռ չգիտեմ՝հետագա ծառայությունս որտեղ կանցկացնեմ, բայց առանձնակի տրամադրվածություն չկա։

-Ի՞նչ ես մտածում՝սա մեր վերջի՞ն կռիվն էր, թե էլի ենք պատերազմելու։

-Կռիվը չի վերջացել ու անխուսափելի է, պատերազմ էլի կլինի, չգիտեմ՝երբ, բայց կլինի։

-Դու պատրա՞ստ ես նույն վեհ նպատակի համար էլի՛ կռվել։

-Երբ անհրաժեշտություն լինի, անպայման։

-Իսկ ապագայի ի՞նչ նպատակ ունես հիմա։

-Ուսանող լինելու հաճույքը վայելել եմ միայն մեկ կիսամյակ։ Հետո զորակոչվել եմ ծառայության։ Հիմա ծրագրել եմ զորացրվելուց հետո առաջինն ուսումս շարունակել։

-Իսկ ապագան Հայաստանու՞մ ես տեսնում։

-Կախված է ապագայից ․․․

-Վերջին ամփոփիչ հարցս՝ի՞նչ է հայրենիքը քե՛զ համար։

-Հայրենիքն այն կետն է, որից սկիզբ է առնում ամեն լավ բան։ Չգիտեմ՝ուր կլիներ հիմա մեր ազգը, եթե չլիներ մեր մի բուռ հայրենիքը, առհասարակ, կլինեի՞նք թե ոչ։ Բայց, փառք Աստծո, հայրենիքը կա, ու մենք պարտավոր ենք պաշտպանել այն, ամեն ինչ պիտի անենք, որ Հայաստանը հարատևի։ Ամեն մեկիս համար այլ արժեք է հայրենիքը, բայց բոլորիս ձգտումը մեկն է՝ապահով ու հաղթանակած հայրենիք ունենալ․․․

 

«Հայրենիքը սիրում ես ոչ թե նրա համար, որ մեծ է, այլ նրա համար, որ քոնն է․․․»Սենեկայի հայտնի խոսքերը հիշեցի, երբ զրուցում էի մերօրյա հերոս, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից Անուշավան Ասատրյանի հետ։

Փա՛ռք հայոց բանակին, փառք հայ զինվորին․․․

Աղբյուր։ Հեղինակ՝Ս․Նավասարդյան

Կիսվել