Մոտենալով մեր 4 զինծառայողներին՝ զենքը ուղղելով՝ հրամայել են հանձնվել. Ինչպես են գերեվարվել մեր զինվորները. ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյան

Աննա Անտոնյան Մայիս 27, 2021

«Օպերատիվ-մարտավարական իրավիճակը ներկա դրությամբ հարաբերական լարված է: Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները փորձում են մի քանի ուղղություններում վարել իրենց սադրիչ, հարկադրական գործողությունները, իսկ մեր զինված ուժերի ստորաբաժանումները հակագործողություններ վարելով՝ փորձում են ՀՀ տարածք ներթափանցած հակառակորդի ուժերն ու միջոցները վտարել սահմանից այն կողմ»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը:

 

Նրա փոխանցմամբ՝ իրավիճակը լարված է Սև լիճ, Վերիշեն ուղղությամբ, դա Սիսիան, Գորիս տարածաշրջանում է, այսինքն, քաղաք Գորիսից դեպի հյուսիս-արևելք ուղղությամբ տեղակայված մեր մարտական հենակետերի շրջանում:

ՀՀ ԶՈՒ օպերատիվ գլխավոր վարչության պետ-ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը շեշտեց՝ արդեն անցել է վեց ամսից ավելի ժամանակ, և Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, թե քաղաքական դաշտում, թե ռազմական ոլորտում համապատասխան աջակցություն ունենալով՝ շարունակում էիր հայատյաց քաղաքականությունը, և այդ իրավիճակում էլ ստեղծվել է մայիսի 12-ին ստեղծված օպերատիվ-մարտավարական իրավիճակը, որն այս պահի դրությամբ շարունակվում է ՀՀ արևելյան, հյուսիս-արևելյան սահմանագոտում:

 

Խոսելով 6 զինծառայողների գերեվարվելու մասին՝ Է. Ասրյանը նշեց.

«Գիշերը դիտարկելով և գրանցելով, որ հակառակորդի ներթափանցած ստորաբաժանումները, որոնք գտնվում էին մեր պետական սահմանից 1.5-2.5կմ խորությամբ, 2 ուղղությամբ փորձում էին ուժերը միավորել ու ավելի նպաստավոր իրադրություն ստեղծել իրենց համար: Գնահատելով այդ իրավիճակը՝ հրամանատարության կողմից որոշում է կայացվել տեղադրել մեկ նոր մարտական դիրք, որը կարող էր կասեցնել հակառակորդի գործողությունները: Նշված գործողության ընթացքում հակառակորդն իր օդային հետախուզության արդյունքում հայտնաբերել է մեր գործողությունները և ստորաբաժանումով շրջափակել մեր՝ գործողությունն իրականացնող խմբին, ու նրան հաջողվել է գերեվարել 6 զինծառայողի»:

Բանախոսը խոսեց նաև այն մասին, թե ինչո՞ւ մեր զինծառայողները զենք չեն կիրառել՝ մանրամասնելով.

«16 օր արդեն ձեզ հայտնի է, որ նշված իրավիճակը ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է հարթել, կասեցնել առանց զենքի, ուժի կիրառման: Գրանցվել են մի շարք միջադեպեր, երբ զինծառայողները ձեռնամարտի են բռնվել հակառակորդի հետ: Նույնը եղել է այս դեպքում: Մոտենալով մեր 4 զինծառայողներին, ովքեր կատարում էին համապատասխան աշխատանքներ, զենքն ուղղելով նրանց վրա՝ հրամայել են հանձնվել: Մեր 2 զինառայող էլ որոշակի հեռավորության վրա էին գտնվում, մոտեցել են բանակցելու հակառակորդի հետ, սակայն լինելով նենգ, դավադիր, զինաթափել և գերեվարել է մեր 6 զինծառայողներին: Ներկա դրությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ, շարունակվում է բանակցային գործընթացը: Հակառակորդը ներկայացրել է մի շարք պայմաններ՝ յուրային և իրենց ուժերի հետքաշման համար: Մենք էլ ներկայացրել ենք մեր պայմանը, որ մեր առաջ քաշած ստորաբաժանումը հետ կքաշենք, եթե վերադարձնեն մեր գերեվարված զինծառայողներին, այլ պայման մեզ համար ընդունելի չէ»:

 

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել