Խաչատուր Սուքիասյանը փորձում է սրբագրել անցյալը. կա՞ն, թե՞ չկան Հայաստանում օլիգարխներ

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

Նիկոլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե քաղաքականությունն ու բիզնեսը պետք է տարանջատել, սկսել է բիզնեսն ակտիվորեն ներգրավել քաղաքականության մեջ։ Բիզնեսը քաղաքականության մեջ, հատկապես, երբ այն գործում է իշխանության թիմում, միանշանակ օլիգարխիայի ձևավորման հիմքն է։ Բիզնեսը իշխանության մեջ նշանակում է՝ վայելել իշխանության հովանավորությունը։

Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող։

Գոյություն ունի օլիգարխիայի դասական սահմանում, ըստ որի՝ օլիգարխը քաղաքական համակարգում գործող մեծահարուստն է, ով հասանելիություն և ազդեցություն է ստանում քաղաքական որոշումների կայացման վրա։

Բնականաբար, միշտ չէ, որ բիզնեսը՝ մտնելով քաղաքականություն, կարող է ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա։ Կեղծիք են այն հայտարարությունները, թե բիզնեսն ընդհանրապես իրավունք չունի մոտ գալ քաղաքականությանը։

Քաղաքական որոշումների կայացման վրա կարող է ազդեցություն ունենալ այն բիզնեսը, որը գործում է, առաջին հերթին, քաղաքական իշխանության հովանու ներքո։ Ոչ մի նշանակություն չունի, որ քաղաքականություն մտնելուց առաջ մեծահարուստը հրաժարվում է իր բիզնեսի կառավարումից։ Բիզնեսը կարելի է կառավարել՝ ինչպես ուղղակի, այնպես էլ՝ անուղղակի։

Այնպես է ստացվել, որ այսօր բիզնեսի որոշ ներկայացուցիչներ իշխանության թիմում բաց քաղաքականություն վերադառնալու հայտ են ներկայացրել։ Նրանցից մեկն էլ Խաչատուր Սուքիասյանն է, ում անունը մշտապես կապված է եղել Հայաստանում օլիգարխիայի ձևավորման հետ։

Հավանաբար շատերն են հիշում, թե Հայաստանում երբ սկսեցին ձևավորվել օլիգարխները։ Իսկ եթե չեն հիշում, հիշեցնենք, որ օլիգարխները Հայաստանում սկսեցին ձևավորվել Առաջին նախագահի իշխանության շրջանում։ Վայլելով իշխանության հովանավորությունը՝ որոշ մարդիկ, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանը, կարճ ժամանակում հասցրեցին մեծ կարողություն կուտակել։

Այդտեղից էլ սկսվեց Հայաստանում բիզնեսի ու իշխանության սերտաճումը։

Ի դեպ, այդ տարիներին Խաչատուր Սուքիասյանը բիզնեսին զուգահեռ՝ ներգրավված է եղել նաև պետական ապարատում և զբաղեցրել է ոչ պակաս կարևոր պաշտոն։ Եղել է Արդյունաբերության նախարարության արտաքին տնտեսական կապերի գլխավոր վարչության պետ, նախարարի խորհրդական։

 

Ծառայեցրե՞լ է պաշտոնն ու քաղաքական կապերն իր բիզնեսի բարգավաճմանը Խաչատուր Սուքիասյանը, թե՞ ոչ, թողնենք ընթերցողին։

Մի բան ամեն դեպքում հստակ է՝ քաղաքական իշխանությանը մոտ կանգնած բիզնեսը Հայաստանում միշտ էլ օգտվել է հովանավորչությունից։ Դա արտահայտվել է բիզնեսի համար գործունեության արտոնյալ պայմանների ստացման ձևով, այդ թվում՝ հարկերի վճարման տեսքով։

Տարիներ շարունակ Խաչատուր Սուքիասյանն օգտվել է իշխանությունների բարեհաճությունից և լավ հարաբերություններ է ունեցել նրանց հետ։ Մի պահ, երբ այդ հարաբերությունները խաթարվեցին, տեսանք, թե ինչ եղավ։ Հարկերը թաքցնելու հիմնավորմամբ՝ Խաչատուր Սուքիասյանին պատկանող բիզնեսներից մեկը լուրջ խնդիրների բախվեց հարկային մարմինների հետ։ Խոսքը «Բջնի» գործարանի մասին է։ Հարկային մարմիններն այստեղ 3,4 մլրդ դրամի հարկային չկատարված պարտավորություններ էին արձանագրել։ Գործարանը հանվեց աճուրդի՝ պետությանը հասցված վնասը վերականգնելու համար։

Ճիշտ է, այդ ամենը Խաչատուր Սուքիասյանը համարեց քաղաքական ճնշում իր գործունեության նկատմամբ, բայց այդպես էլ կարծես մինչև հիմա նրա քայլերը որևէ արդյունք չեն տվել, նաև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո, իր «խախտված» իրավունքները վերականգնելու և իրենից «ապօրինի» խլված գույքը վերադարձնելու համար։

Մի պահ հայտարարվեց, որ այդ հարցով զբաղվում են փաստաբաններն ու հաշվապահները, և նրանք «մոտ ժամանակներում կներկայացնեն գործարանի մասին բոլոր տեղեկությունները»։ Այս հայտարարությունից տարի ու կես է անցել, բայց ոչինչ չի ներկայացվել։ Իսկ գուցե ներկայացնելու բա՞ն չկա։

Բիզնեսից վերադառնալով ակտիվ քաղաքականություն՝ Խաչատուր Սուքիասյանը փորձում է համոզել, որ գործարարներն օլիգարխներ չեն։ Ո՛չ ինքն է օլիգարխ, ո՛չ Սամվել Ալեքսանյանը, և ո՛չ էլ Գագիկ Ծառուկյանը։

Ենթադրենք, որ ոչ մեկն էլ օլիգարխ չէ։ Բայց արդյո՞ք խնդիրը միայն օլիգարխ կոչվել-չկոչվելու մեջ է։

Իսկ պետական հովանավորչությո՞ւնը։ Կա՞, թե՞ չկա պետական հովանավորչություն։

Պետական հովանավորչությունն է, որ շատ ու շատ փակ դռներ է բացում բիզնեսի առաջ։

Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո Խաչատուր Սուքիասյանի բիզնեսի համար նոր էջ է բացվել։ Զարմանալի չէ, որ լինելով գործարար՝ թեկուզ «առանց պորտֆել», նա դարձել է այս իշխանության կցորդը։

Խաչատուր Սուքիասյանը լծվել է իշխանության փառաբանման գործին։ Այնպիսի ջանասիրությամբ է դա անում, որ երբեմն թվում է, թե այլ իրականության մեջ ես ապրում։

Բոլորն էլ տեսնում են՝ ինչ է կատարվում մեր տնտեսության մեջ։ Այն, որ նախորդ տարվա կտրուկ անկումներից հետո վերջին 1-2 ամիսներին որոշ աճ կա, դեռ չի նշանակում, թե տնտեսության վիճակը լավացել է։ Անգամ պաշտոնական տվյալները չեն կարողանում թաքցնել այդ տխուր պատկերը։ Մինչ համաշխարհային տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, առաջին եռամսյակի արդյունքում ունեցանք 3,3 տոկոս տնտեսական անկում։

Ներդրումներ չկան, փողը գնում է երկրից, նույնիսկ վարկերն են նվազել, չնայած վարկերը երբեք ուղղակի ներդրումներ չեն դառնա։ Ընդամենը 1 տարում խնդրահարույց վարկերը բանկերում ավելի քան կրկնապատկվել են, ու դա իսկապես ֆանտաստիկ վատ ցուցանիշ է։ Խնդրահարույց վարկերն օդից չեն ընկել։ Դրանք առաջացել են տնտեսության ու հասարակության վճարունակության անկման հետևանքով։ Սրանում որևէ լավ բան չկա, ու կապ չունի, թե բիզնեսից քաղաքականություն վերադառնալու ճանապարհին դա ինչպես կներկայացվի։

«Արտահանման 16 տոկոսանոց աճ կա։ Դուք պատկերացնում ե՞ք, թե դա ի՞նչ լուրջ թիվ է»,- Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարում է Խաչատուր Սուքիասյանը։ Ու սա ասվում է այնպիսի պաթոսով, կարծես այս տարվա առաջին եռամսյակի տվյալներով, մեր արտահանումը չէր զիջում 2018 թ. մակարդակը։ Իսկ 4 ամիսներին նախորդ տարվա համեմատ արձանագրված արտահանման 16 տոկոս աճը, որն այդպես ոգևորել է Խաչատուր Սուքիասյանին, ընդամենը 7 տոկոսով է ավելի 2018թ. 4 ամիսների ցուցանիշից։ Այն պարագայում, երբ հավանաբար կհիշեք, թե 2018թ. այդ ամիսներին ինչ էր կատարվում Հայաստանում։

Դեռ չհաշված, որ այսօր արտահանումը մեծապես նստած է ընդերքը վաճառելու վրա։ Այն ընդերքը, որը, Նիկոլ Փաշինյանի ասելով, նախկինները թալանում էին։ Այնինչ՝ հիմա ինքն է լծվել ընդերքն անխնա քանդել-արտահանելու գործին։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

168.am

Կիսվել