Վրաստանը պատրաստ է նպաստել տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Ղարիբաշվիլի

admin Սեպտեմբեր 24, 2022

Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպումը կայացել է Նյու Յորքում։

ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այս օրերին Նյու Յորքում ընթանում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանը։

Վարչապետն անդրադարձել է Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ձեռնարկված ագրեսիայի հետևանքով ՀՀ տարածքների օկուպացիային և դրա հետևանքով ստեղծված իրավիճակին:

 

Իրակլի Ղարիբաշվիլին կարևորել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանումը և վերահաստատել Վրաստանի պատրաստակամությունը` նպաստելու դրան:

Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 13-ից Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ ինտենսիվ կրակ էին վարում  հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։ Հակառակորդը կիրառում էր նաև ԱԹՍ-ներ:

ՀՀ Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն` Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող:

Սեպտեմբերի 14-ի ժամը 20։00-ից հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որն ադրբեջանցիներն առաջին անգամ խախտեցին սեպտեմբերի 20–ին` կրակելով Սյունիքի մարզի Ներքին Հանդի ուղղությամբ։

Կիսվել