Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր. ԱՆ

admin Սեպտեմբեր 16, 2022

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորներից 4–ը շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Վիրավորներից 4–ը ժամը 12:00 դրությամբ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում:

Վիրավորներից 3-ն ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։

Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

Կիսվել