Տնտեսության վերականգնման առասպելը. ինչո՞ւ են այդքան թերահավատ ֆինանսական կառույցները

Աննա Անտոնյան Մայիս 03, 2021

Վերջին շրջանում իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, որ ճգնաժամից հետո Հայաստանի տնտեսությունն արագ տեմպերով վերականգնվում է։ Երկնիշ աճերից են խոսում ու կանխատեսումներ անում։ Բայց ոչինչ, որ դրան չեն հավատում՝ ինչպես տեղական, այնպես էլ՝ միջազգային ֆինանսական կազմակերպությունները։ Նրանք այդպիսի լավատեսության համար բացարձակ հիմքեր չեն տեսնում։

Անգամ ամենառոմանտիկ սցենարով, առնվազն մի քանի տարի կպահանջվի, որպեսզի մեր տնտեսությունն ամբողջությամբ վերականգվի։ Այսինքն՝ վերադառնա մինչճգնաժամային 2019թ. մակարդակին։

Հայաստանի տնտեսության առաջիկա զարգացումների վերաբերյալ մռայլ կանխատեսումներ ունի հատկապես Արժույթի Միջազգային Հիմնադրամը։ Անցած տարվա կտրուկ անկումից հետո, ԱՄՀ փորձագետներն այս տարի ընդամենը 1 տոկոս աճի հավանականություն են տեսնում։ Այն էլ՝վերապահումներով։ Նրանք համարում են, որ անցած տարի Հայաստանի տնտեսությունը ծանր հարվածներ է ստացել և լուրջ կորուստներ կրել։

«2020 թվականի ընթացքում Հայաստանի տնտեսությունը ծանրագույն հետևանքներ է կրել՝ պայմանավորված ՔՈՎԻԴ-19-ի համավարակով և մարտական գործողություններով: ՀՆԱ-ն 2020 թվականին կրճատվել է 7,6 տոկոսով՝ պայմանավորված ծառայությունների և առևտրի ոլորտների կրճատմամբ: Վերջին շրջանում պարենի համաշխարհային գների ավելացման և դրամի արժեզրկման ֆոնին՝ տարեկան գնաճն արագացել է՝ 2021թ. մարտին հասնելով 5,8 տոկոսի: Բյուջեի պակասուրդն ընդարձակվել է՝ 2020թ. հասնելով ՀՆԱ-ի մոտ 5,5 տոկոսին` խոցելի ձեռնարկություններին և տնային տնտեսություններին ցուցաբերված աջակցության և առողջապահության ոլորտում կատարված ավելի բարձր ծախսերի ազդեցությամբ։ Կառավարության պարտքը 2020թ. տարեվերջին հասել է ՀՆԱի մոտ 63,5 տոկոսին: Ընթացիկ հաշվի պակասուրդը նվազել է՝ 2020թ. հասնելով ՀՆԱ-ի 3,1 տոկոսին»,- սա այն իրողությունն է, որն արձանագրել են ԱՄՀ մասնագետները։

Ելնելով դրանից՝ նրանք խիստ կասկածամտորեն են վերաբերվում Հայաստանի տնտեսության արագ վերականգնման հեռանկարին։ Ավելին՝ կարծում են, որ վերականգնումը դեռ կարող է ձգձգվել.  «Վերականգնումը, հավանական է, որ կձգձգվի: Թեպետ վերականգնման տեմպի հետ կապված անորոշություն կա։ Ակնկալվում է, որ տնտեսական աճը 2021 թվականին կլինի մոտ 1 տոկոս, իսկ 2022 թվականին հնարավոր վերականգնումը՝ մոտ 3,5 տոկոս»։

Այս տեմպով գնալու դեպքում, դժվար չէ պատկերացնել, թե դեռ ինչքան ժամանակ կպահանջվի կորցրածը հետ բերելու համար։ Զարգացումների մասին, բնականաբար, խոսք լինել չի կարող։ Մինչ դրան հասնելը՝ նախ պետք է մտածել զրոյական կետին վերադառնալու մասին։ Այնինչ՝ անցած տարվա 7,6 տոկոսանոց անկումից հետո ձևավորված նույնիսկ այդքան ցածր բազայի վրա՝ առաջիկա 2 տարում ԱՄՀ փորձագետներն ընդամենը 4,5 տոկոս աճի հավանականություն են տեսնում։

Մեր տնտեսության առաջիկա զարգացումների վերաբերյալ  համեմատաբար դրական են Համաշխարհային բանկի կանխատեսումները։ Բայց անգամ նման սպասումների պարագայում, տնտեսության լիարժեք վերականգնումը կձգվի մի քանի տարի, եթե, իհարկե, այդ սպասումներն արդարանան։

Մասնագետները բազմաթիվ վերապահումներ ունեն ՀԲ կանխատեսումների նկատմամբ։ Նրանք համարում են, որ տնտեսության առաջիկա զարգացումների վերաբերյալ այս կառույցի գնահատականները խիստ չափազանցված են և կտրված իրականությունից։

Այդպես մտածելու համար, իհարկե, բավարար հիմքեր կան։ Դրանք կապված են՝ ինչպես տարածաշրջանային իրավիճակի և ներքաղաքական խնդիրների, այնպես էլ՝ տնտեսության մեջ տարեսկզբին արձանագրվող միտումների ու մարտահրավերների հետ։

 

Չնայած հրադադարին՝ տարածաշրջանում պահպանվում են բարձր անորոշությունները։ Մյուս կողմից՝ տնտեսության համար բոլորովին էլ նպաստավոր չեն սպասվող արտահերթ ընտրությունները։ Ոչ մեկը չի կարող ասել, թե ինչ է լինելու նախընտրական պրոցեսների ընթացքում և ընտրություններից հետո։ Այս պայմաններում շատ ավելի են խորանալու սպասումները և դժվար է լինելու ակնկալել տնտեսության արագ վերականգնում։

Բացի այն, որ առաջիկայում տնտեսությանը նոր փորձություններ են սպասվում՝ տարվա մեկնարկը ևս դրական չէ տնտեսության համար։ Առաջին երեք ամիսներին տնտեսական ակտիվության անկումը կազմել է 2 տոկոս։

Արտաքուստ մարտին նախորդ տարվա համեմատ որոշ աճ ունենք, բայց դա ոչ այնքան բարձր ակտիվության, որքան անցած տարվա լոքդաունի արդյունք է։ Այդ միտումը կարող է դրսևորվել ևս 1-2 ամիս։ Բայց հետո արդեն դժվար է լինելու շարունակել նույն տեմպով առաջ գնալ։

Կան բազմաթիվ գործոններ, որոնք անհնար է հաշվի չառնել տնտեսության առաջիկա զարգացումների վերաբերյալ կանխատեսումներ անելիս։ Այլ հարց է, թե որ կառույցն ինչպես է դրանց մոտենում։

Զարմանալի չէ, որ 2 միջազգային հայտնի ֆինանսական կազմակերպությունների՝ Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային բանկի գնահատականները մեր տնտեսության վերաբերյալ էապես տարբեր են։ Եթե ԱՄՀ-ն այս տարվա համար ընդամենը 1 տոկոս աճի հավանականություն է տեսնում, ապա ՀԲ-ն մինչև 3,4 տոկոս աճի մասին է խոսում։

Հետաքրքիր է, որ, թեև հաջորդ տարվա համար ևս այս 2 կառույցների կանխատեսումները տարբեր են, այնուհանդերձ շեղումն անհամեմատ փոքր է. ԱՄՀ-ն՝ 3,5, իսկ ՀԲ-ն՝ 4,3 տոկոս աճի սպասումներ ունի։

Հայաստանի տնտեսության վերականգնման հեռանկարների վերաբերյալ լավատեսությամբ չեն փայլում նաև ներքին ֆինանսական կառույցների գնահատականները։ Բոլորովին վերջերս Կենտրոնական բանկը նույնիսկ վերանայեց ու նվազեցրեց աճի իր նախորդ կանխատեսումը։ Նախկին 2 տոկոսի դիմաց՝ հիմա այն 1,4 տոկոս աճի պոտենցիալ է տեսնում, որն ավելի շատ մոտ է ԱՄՀ մասնագետների կանխատեսումներին։

Թե որքանո՞վ կիրականանան այս կանխատեսումները, կտեսնենք տարեվերջին։ Բոլոր դեպքերում, ակնհայտ է, որ անկախ տարբերություններից՝ դրանք լավատեսությամբ չեն փայլում։ Առավելագույնը, որ կանխատեսվում է Հայաստանի տնտեսության համար այս տարի՝ 3,4 տոկոս աճն է, այն էլ՝ անցած տարվա խորը անկումից հետո։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Կիսվել