Հերոսի քույրը պատմում է․․․

Աննա Անտոնյան Հունվար 29, 2021

Ես հարգում եմ իր որոշումը՝Ս․Նավասարդյան

<<Հայրենիքից դուրս, ինձ համար խաբուսիկ են բոլոր դրախտները>> Գարեգին Նժդեհի այս խոսքերով առաջնորդվեց Տիգրան Գևորգի Ավետիսյանը, երբ նահանջի ոչ մի քայլ չարեց։ Այսօրվա Հերոսը Տիգրանն է, ում մասին էլ խոսել ենք նրա զարմուհու հետ։

-Սյուզանա, ինչպե՞ս կբնութագրեք Տիգրանին, երբևէ մտածե՞լ եք, որ նրան որպես հերոս եք ճանաչելու մի օր։

- Տիգրանը չափազանց համեստ, խելամիտ ու հավասարակշիռ տղա էր․․․/դժվարանում եմ անցյալով խոսել/, միշտ լուրջ ու հասուն քայլեր եմ տեսել իրենից, անկախ էն բոլոր չարաճճիություններից, որ բոլորս ենք արել մեր անհոգ տարիներին։ Իր մեջ էնքան կյանք ու սեր կար, մեկ-մեկ զարմանում եմ՝20 տարի ապրելով ինչքան բան թողեց ինքը․․․մենք տարեկիցներ ենք, ու ես հաճախ մտածում եմ՝ինչքան պիտի ապրեմ, որ կարողանամ իր թողածի կեսը գոնե թողնել ինձնից հետո։ Անկեղծ կլինեմ՝երբեք իրեն չեմ նայել որպես հերոս, չեմ մտածել, որ նման անձնազոհ քայլի կգնա։ Երևի պատճառն իր զուսպ լինելն է, որովհետև ի հակադրություն ինձ, ինքը չխոսկան էր շատ։

-Պատերազմի ընթացքում լուր ունեի՞ք Տիգրանից։ Ինչ-որ կանխազգացում ունեցե՞լ եք, որ գուցե անդառնալի կորուստ ունենաք։

-Լուր ունեինք, զանգում էր։ Անկեղծ ասած՝մինչև պատերազմն ինքը ծառայության մեջ արդեն բազում լուրջ հաջողություններ ուներ․ շա՜տ տարված էր, շատ էր սիրում բանակը։ Էդ փաստերից ելնելով՝տարօրինակ հանգիստ էի Տիգրանի համար, մտածում էի՝ինքը ամեն ինչի ելքը կգտնի։ Բայց պատերազմից ելք չկա․․․ Էդ օրերին բացի Տիգրանից ռազմաճակատում նաև հայրս էր, շատ ընկերներ/ցավոք, Արմանին ու Գևորգին էլ կորցրինք/․․․բայց ոչ մեկի մասին վատ կանխազգացում չեմ ունեցել, ուղղակի աղոթել եմ ու սպասել, իսկ թե ոնց են անցել էդ օրերը․․․մենակ ես գիտեմ ու Աստված։ Իմ առաջին<< անձնական հարվածը>> Գալստյան Արմանն էր՝Մանչը, որ ուղղակի ծնկի բերեց բոլորիս։ Արմանից մի օր հետո Տիգրանի լուրին հավատալը անհնար էր, ուղղակի անտանելի։ Հետո ծննդյանս օրն իմացա Գևորգի մասին․․․բառերով նկարագրելու ցավ չէ, ով զգացել է՝կհասկանա։

-Ամեն դեպքում, ի՞նչ զգացիք, երբ իմացաք նրա հերուսանալու մասին։ Ի՞նչ մտքեր ունեցաք։ Ի՞նչ եք մտածում հիմա։

-Ես չհավատացի, որ ինքը չկա էլ։ Մինչև վերջին պահը վիրավորների մեջ էինք փնտրում․ երևի էդ պահին ինձ խաբելն ավելի հեշտ էր, քան իրականության աչքերին նայելը։ Բայց հետո սարսափ զգացի՝պատերազմն իր ողջ էությամբ։ Պատերազմի օրերի միակ միտքս էն էր, որ ուզում եմ արթնանալ էդ վատ երազից։ Ուրիշ բան չեմ հիշում․ շոկից դեռ չեմ սթափվել։Ճիշտն ասած սկզբում չէի ընդունում, չէի համակերպվում, բայց հիմա հասկանում ու հարգում եմ իր որոշումը։ Ցավով եմ ասում, բայց նաև շատ հպարտ․ Տիգրանի արածը հերոսություն էր, անմահանալու ամենափառահեղ օրինակը։ Ինքը, իրոք, մեր Տիգրան Մեծը դարձավ․․․չնայած ես ավելի շատ սիրում եմ <<Մեր օրերի ի՛մ Մոնթե>>կոչել իրեն, որովհետև Մոնթեին էլ, իրեն էլ նույնչափ սիրում եմ։

-Գիտեմ, որ հոդվածաշար եք սկսել․ կխոսե՞ք այս մասին, ինչպե՞ս առաջացավ միտքը,ի՞նչ նպատակ ունեք։

-Հոդվածաշարն անվանել եմ <<Տիգրանը հանուն Տիգրանի>>, քանի որ Մեծ Տիգրանի զոհվելուց հետո ծնվեց նրա եղբայրը՝Տիգրանը։ Ես մտածեցի, որ կարելի է սիմվոլիկ հավերժություն ստեղծել երկու եղբայրների մեջ։ Որոշել եմ, որ տարիներ անց բոլոր հոդվածները կհրատարակեմ ու կնվիրեմ Տիգրանին, որ համալրի իրենց տան թանգարանը, որի աշխատանքներն արդեն տարվում են։ Հոդվածաշարի ամբողջականությանը շատ են օգնել Տիգրանի ընտանիքի անդամները՝ինձ հարազատ մարդիկ, և, իհարկե, նրա բանակային ընկերները, որոնց դերը, անխոս շատ մեծ է։

-<<Ես ձեր հերոսն եմ, իմ սիրտը ձեզ եմ թողնում, իսկ կյանքս՝հայրենիքիս նվեր, որ ձեր կյանքը չմարեր>>-ի՞նչ կասեք ձեր ա՛յս խոսքերի մասին։

-Այս տողերը Տիգրանի շիրմաքարի վրա են գրվել․․․ընտանիքն ինձ ասաց, որ ե՛ս պիտի գրեմ Տիգրանին հավերժացնող այդ քառատողը։ Չգիտեմ․․․ես մի ողջ պոեմ էլ կգրեի, մենակ թե ինքը տուն գար, ու ես չկուրանայի՝իր ընտանիքի ցավը տեսնելով։ Ես կուզեի՝ինքն անձամբ գնահատեր, թե ոնց եմ գրում․․․բայց չէ։ Համենայն դեպս էս կյանքում մենք էլ չենք հանդիպի/դա սարսափելի է/։

Այս տողերը գրվել են նաև Տիգրանի հարազատ դպրոցում՝իր անունը կրող դասասենյակում։ Շնորհակալ եմ նաև դպրոցի տնօրինությանն ու ողջ անձնակազմին, որ այսքան ուշադիր են Հերոսի նկատմամբ։ Ես հպարտ եմ, որ իր մասին խոսելու հնարավորություն ունեմ, ու անասելի շնորհակալ եմ, որ իր ընտանիքը վստահել է ինձ։

-Ի՞նչ կասեիք Հերոսին, որ երբեք չեք ասել։ Ի՞նչ կանեիք, եթե մի օր․․․

-Շա՜տ բան կասեի, բայց չեմ ասել, որովհետև չգիտեի, որ Հերոս ունեմ շրջապատումս։ Երևի կգրկեի։ Հաստատ կգրկեի։ Հետո շնորհակալություն կհայտնեի։ Ներողություն կխնդրեի, որ երբեք իր մեջ ապրող հերոսին չեմ տեսել։ Չէ՞ որ հերոս ծնվում են, ոչ թե դառնում։ Ինքն էսօր բոլորի համար Հերոս է, որովհետև արտահայտել է էն հերոսությունը, որ միշտ ապրել է իր մեջ։ Ինքն ինձ չափազանց թանկ ու անփոխարինելի նվեր է արել․․․ու ես հնարավորություն չեմ ունեցել շնորհակալ լինել։ Միայն խոստացել եմ ինձ ու իրեն, որ բարձր եմ պահելու իր անունը․․․ուզում եմ՝բոլորն իմանան Տիգրանի սխրանքը։

-Ինչպե՞ս կամփոփեք ձեր խոսքը։

-Կուզեի երկար խոսել խաղաղությունից, բայց պատերազմը սովորեցրեց միայն երազել այդ մասին։ Ուզում եմ՝մեզնից հետո էլ ոչ ոք, ոք մի սերունդ․․․չզգա այս սարսափը։ Արթուն ցավը սրտումս՝ միաժամանակ հպարտ եմ, որ ունեմ Տիգրան, ունեմ Արման ու Գևորգ․․․ունեմ էն բոլոր առյուծասիրտներին, ովքեր հանուն հայրենիքի ընկան․․․հավերժ փառք ու խոնարհում իրենց։

 

Սյուզանա Նավասարդյան

Կիսվել