Ռուս խաղաղապահներն Արցախում պարեկություն են իրականացրել ԲՏՌ-ներով

admin Նոյեմբեր 09, 2021

Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի զինծառայողները Արցախում կողմերի սահմանազատման գծի երկայնքով պարեկություն են իրականացրել։Պարեկային խմբերը ընդհանուր օգտագործման ճանապարհներով և գրունտային դժվարանցանելի ճանապարհներով մի քանի կիլոմետրանոց երթ են իրականացրել ժամանակակից ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներով և բարելավված անցունակությամբ «Ուրալ» մեքենաներով` անցնելով շրջանի հեռավոր բնակավայրերով:

«Ռուս խաղաղապահներն ամեն օր պարեկություն են իրականացնում Արցախի Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի շրջանների տարբեր երթուղիներով, ինչպես նաև Լաչինի միջանցքի երկայնքով։ Պարեկության ընթացքում հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը, օդային իրավիճակին և հարցում են իրականացնում տեղի բնակչության շրջանում», – ասել է ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչ Մաքսիմ Սազոնովը։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Կիսվել