Պետք է գոռալ բոլոր հարթակներից. ռուս ճարտարապետը` Արցախի մշակույթի պահպանման մասին

admin Հոկտեմբեր 23, 2021

Ռուս ճարտարապետը միջազգային հանրությանը կոչ է անում ուշադրություն դարձնել Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային ժառանգության պահպանման խնդրին:

Հայաստանը պետք է ահազանգի և բոլոր հնարավոր հարթակներից գոռա Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում պատմամշակութային հուշարձանների պահպանման անհրաժեշտության մասին, որպեսզի պահպանի դրանց գոնե մի մասը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանի պատվավոր ճարտարապետ, Մոսկվայի ճարտարապետական ինստիտուտի պրոֆեսոր Նիկիտա Շանգինը։

Մասնագետը վերջերս եղել է Արցախում և իր աչքով է տեսել, թե ինչպես են ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում քանդվում հայկական հուշարձաններն ու գերեզմանները։

Փորձագետը վստահ է, որ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միայնակ ոչինչ անել չեն կարող, բայց հայկական կողմը պետք է ակտիվություն ցուցաբերի և դադարի բացառապես պաշտպանական դիրքորոշում պահպանել: Այս հարցում մեծ է հայ համայնքի դերը, որի ներկայացուցիչները կարող են փողոց դուրս գալ այն բոլոր քաղաքներում, որտեղ նրանք ապրում են՝ մշակութային ժառանգությունը փրկելու միասնական պահանջով։

Թեև Շանգինին չեն զարմացնում հայկական վանքերի պղծման և ավերման մասին տեղեկությունները, սակայն նա այնուամենայնիվ հույս ունի, որ բացասական գործընթացները այնքան էլ սրընթաց չեն լինի։

Բայց հայերը միանշանակ ստիպված կլինեն պաշտպանել իրենց ճարտարապետական հուշարձանները, քանի որ ավերման փաստը ժամանակակից տեխնոլոգիաների (թեկուզ, օրինակ, արբանյակների միջոցով) ապացուցելը բավականին հեշտ է` ադրբեջանցիները հուշարձանների յուրացման և Ադրբեջանի ու Կովկասյան Ալբանիայի միջև երևակայական կապի ձևավորման քաղաքականություն են որդեգրել: Դա արվում է Դադիվանք և Գանձասար վանական համալիրների դեպքում, որոնք Ադրբեջանն աղվանական է անվանում և փորձում յուրացնել։

«Հայաստանը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և բացատրի, որ ադրբեջանցիները Կովկասյան Ալբանիայի ժառանգության հետ նույնպիսի կապ ունեն, որքան մեքսիկացիները՝ ճապոնացիների»,-նշեց փորձագետը։

 

Ընդ որում, ճարտարապետը զուգահեռներ անցկացրեց Իրանի հետ, որը, ի տարբերություն «վանդալիզմի հրաշքներ» ցուցադրող Թուրքիայի ու Ադրբեջանի, ամեն ինչ անում է, որպեսզի հայկական ճարտարապետական հուշարձանները պահպանվեն՝ պայքարելով, որ դրանք համաշխարհային մշակութային ժառանգության կարգավիճակ ստանան։

Նա համոզված է, որ իրանցիներին հատուկ է օտար մշակույթի նկատմամբ հարգանքը, քանի որ իրենց սեփական մշակույթը մի քանի հազարամյակի պատմություն ունի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները քանդել են Մեխակավանի (Ջաբրայիլ) Զորավոր Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին։ Ինչպես հաղորդել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովը, հայկական եկեղեցին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցնելուց հետո ամբողջովին ավերվել է: Այդ նույն եկեղեցին վանդալիզմի էր ենթարկվել նաև վերջին ռազմական ագրեսիայի ընթացքում։ Մասնավորապես, 2020թ. նոյեմբերի 16-ին ադրբեջանցի զինծառայողները պղծել և մասամբ ավերել էին այն, հանել վրայի խաչը:

Մարտի սկզբին հայտնի էր դարձել, որ ադրբեջանցիները մասամբ քանդել են Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ Կանաչ ժամը և ոչնչացրել Հովհաննես Թևոսյանի հուշարձանը։ Բացի այդ, պատերազմի ընթացքում երկու անգամ ռմբակոծության էր ենթարկվել Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին։ Ավելի ուշ ադրբեջանցիները վերականգնման պատրվակով հանել էին վանքի զանգերը։

Կիսվել