Վարչապետի գործառույթները ստանձնած անձի գործողությունները կարող են ուսումնասիրության առարկա դառնալ քրեական գործերի շրջանակներում` հաշվի առնելով, որ նա պարբերաբար խախտում է Սահմանադրությունը եւ իրեն լիազորում այլ մարմինների եւ հաստատությունների լիազորություններով: Այս մասին ապրիլի 30-ին կայացած քննարկման ժամանակ ասաց իրավաբան Հասմիկ Ենգոյանը:
Ըստ նրա, խոսքը ոչ միայն դատական և իրավապահ համակարգի ներկայացուցիչներին հանձնարարական տալու մասին է, այլ այն մասին, որ նա որոշեց, որ տեղի են ունենալու արտահերթ ընտրություններ` չնայած միայն խորհրդարանն է օժտված այդպիսի լիազորություններով, որը մինչ այդ պետք է երկու անգամ քվեարկություն անցկացնի եւ վարչապետ չընտրի:
Նա նշեց, որ գործընթացի հիմնավորումն այն փաստով, որ պաշտոնանկությունը կապված է ընտրություններ անցկացնելու անհրաժեշտության հետ, բացարձակ անհեթեթության ժանրից է, քանի որ դա ընդհանրապես նախատեսված չէ Սահմանադրությամբ:
«Մյուս խախտումը կապված է նրա հետ, որ Փաշինյանն է նշանակել ընտրությունների օրը, քանի որ դա երկրի նախագահի գործառույթն է, ինչպես, օրինակ, Օնիկ Գասպարյանի նշանակումը Գլխավոր շտաբի պետի պաշտոնում: Այնպիսի տպավորություն է, որ մենք ոչ թե վարչապետ, այլ միապետ ունենք»,- հավելեց իրավաբանը:
Ենգոյանը շեշտեց, որ եթե վարչապետի պաշտոնակատարի գործառույթները ստանձնած Նիկոլ Փաշինյանն օգտագործում է առանձնատունը եւ կառավարության ղեկավարի մյուս «հաճույքները», ապա ինչո՞ւ փոխվարչապետը դա չի անում, երբ փոխարինում է իրեն:
Պաշտոնաթողությունից հետո վարչապետի գործառույթները պահպանելու Փաշինյանի ցանկությունը կապված է ոչ միայն ընտրությունների ընթացքում վարչական ռեսուրսների օգտագործման (ինչը, անկասկած, լինելու է), այլ նաեւ իր քաղաքական թիմի վրա լծակները պահպանելու հետ: Դրա հետ է կապված նաեւ վարկանիշային համակարգի վերացումը, որպեսզի նա կարողանա միանձնյա որոշումներ կայացնել»,- եզրափակեց նա: