«Ովքե՞ր եք դուք». Էրդողանը սպառնացել է արտաքսել 10 երկրի դեսպաններին

admin Հոկտեմբեր 21, 2021

Թուրքիայի նախագահի կտրուկ հայտարարությունների պատճառը դիվանագետների կոչն է։ 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել է երկրից արտաքսել 10 պետությունների դեսպաններին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով թուրքական լրատվամիջոցներին։

Ավելի վաղ Կանադայի, Ֆրանսիայի, Ֆինլանդիայի, Դանիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Նոր Զելանդիայի, Նորվեգիայի, Շվեդիայի և ԱՄՆ–ի դեսպանատները հանդես էին եկել իրավապաշտպանին ազատ արձակելու կոչով: Դրանից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն կանչել էր այդ երկրների դեսպաններին, նրանց հիշեցրել, որ պետք է հետևել դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիային։

«Ինչո՞ւ են այդ 10 դեսպանները նման հայտարարություններ անում։ Ես մեր ԱԳՆ-ին ասացի, որ մենք մեր երկրում նրանց ընդունելու ճոխություն չունենք։ Թուրքիային դաս տալը ձեր գո՞րծն է։ Ովքե՞ր եք դուք: Հեռու մնացեք Քավալայից։ Դուք ձեր սեփական երկրներում մարդասպաններ, ահաբեկիչներ և ավազակներ պահո՞ւմ եք։ Նրանք միշտ պատասխանում են. «Դատարանն անկախ է»։ Այսինքն՝ ձեր դատարանն անկախ է, իսկ մերը` կախյա՞լ։ Մեր դատարանը անկախության լավագույն օրինակն է ցույց տալիս», - Աֆրիկայի երկրներից վերադառնալիս` ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը։

Օսման Քավալան հայտնի թուրք իրավապաշտպան է, Anadolu Kültür AŞ մշակութային հիմնադրամի հիմնադիրը, որը մասնավորապես աջակցում է էթնիկ և կրոնական փոքրամասնությունների նախագծերին, որոնք հաճախ միջազգային ուղղվածություն ունեն (այդ թվում` թուրքերի և հայերի հաշտեցում և քրդական հարցի խաղաղ լուծում):

Կիսվել