Օտարերկրացիները կկարողանան Հայաստանում բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել առանց լիցենզիա ստանալու

admin Հունվար 19, 2023

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հավանություն տվեց «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով օտարերկրյա կազմակերպությունները Հայաստանում կկարողանան բիզնեսի որոշ տեսակներով զբաղվել պարզեցված ընթացակարգով` առանց դրա համար լիցենզիա ստանալու։

Այդ փոփոխություններն առնչվում են բիզնեսի այն տեսակներին, որոնք ՀՀ–ում գործունեության կոնկրետ վայր չեն ենթադրում։

Դրանք են`

  1. Մասնավոր պահնորդական գործունեությունը
  2. Փոստային կապի գործունեությունը
  3. Երկաթուղային տրանսպորտի գործունեության կազմակերպումը
  4. Տաքսի ծառայությունը
  5. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակումը, փաստաթղթերի փորձաքննությունը
  6. Շինարարության իրականացումը
  7. Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը
  8. Ինժեներական հետազննումը
  9. Շենքերի և շինությունների տեխնիկական վիճակի հետազննությունը։

Հայաստանում առանց լիցենզավորման բիզնես սկսելու համար, սակայն, կազմակերպությունը կամ անհատը պետք է իր երկրում այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը հավաստող փաստաթուղթ ունենա։

Առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ կմտնեն ԱԺ–ի կողմից ընդունվելուց 6 ամիս անց։

Կիսվել