Մեղրիի միջանցքի ապաբլոկավորումն ընդամենն Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք է հանդիսանալու, որտեղ Հայաստանը որևէ տնտեսական օգուտ չի կարող ունենալ. Տնտեսագետ

Աննա Անտոնյան Ապրիլ 19, 2021

Հայաստանն առևտրային կցորդ կունենա Իրանում. որոշման նախագիծն ընդգրկված էր կառավարության ապրիլի 15-ի նիստի օրակարգում։

Կառավարությունը կանխատեսում է՝ կցորդի հաստիքի ստեղծումը դրական կազդի հայաստանյան տնտեսության վրա, իրանցի ներդրողները հետաքրքրություն կցուցաբերեն «Մեղրի» ազատ տնտեսական գոտու և կառուցվող ինժեներական քաղաքի նկատմամբ։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս որոշման նպատակներին՝ տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը հիշեցրեց՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտին ստեղծվել է դեռևս 2017 թվականին, իսկ վերջին երեք տարիներին այդ ուղղությամբ որևէ լուրջ առաջընթաց չի արձանագրվել:

Նա, սակայն, այս գոտու զարգացմանն ուղղված իշխանությունների ներկայացրած հեռանկարին ևս չի հավատում. «Մի իշխանություն, որը ստորագրել է կապիտուլյացիոն փաստաթուղթ, և դա ասում է թշնամի Ադրբեջանի ղեկավարը, կարծում եմ՝ այս իշխանությունների օրոք որևէ լուրջ ծրագիր չի կարող քննարկվել:

Այսինքն՝ անկախ նրանից, թե առևտրական կցորդ կլինի, կլինեն ազատ տնտեսական գոտու մասին ինչ-որ  խոսակցություններ… Դրանք նորություն չեն. այդ ծրագրերը վաղուց եղել են։ Մինչև այս «հեղափոխություն» կոչվածը,  ծրագրի մեկնարկը տրվել է»:

Առհասարակ, հետպատերազմական իրավիճակով պայմանավորված տարածաշրջանային համագործակցության հեռանկարների մասին խոսելով՝ տնտեսագետը հավելեց, որ նոր իրավիճակում՝ Արցախի կորստից, «կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո, Հայաստանի գործող իշխանությունների հետ լուրջ ծրագրեր չի կարող քննարկել ոչ միայն Իրանը, այլ Վրաստանը:

«Վրաստանը վերջերս մի թեմա է շոշափում, որ կարող է դառնալ հարթակ Հայաստանի և Ադրբեջանի երկխոսության համար՝ առանց Ռուսաստանի:

Վրաստանն ինքն իրենով գործոն չի հանդիսանում, և երբ խոսում է հարթակ հանդիսանալու մասին, ակնհայտ է՝ սպասարկում է դարձյալ Թուրքիայի և Ադրբեջանի շահերը, ասել է, թե՝ կատարում է օպերատորի ֆունկցիա»,- նկատեց նա:

Հայկ Ֆարմանյանի գնահատմամբ՝ տարածաշրջանում հաղորդակցման ուղիների ապաշրջափակումը ամենևին էլ չի բխում Հայաստանի շահերից՝ ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները.

«Եթե խոսքը Մեղրիի միջանցքի ապաբլոկավորման մասին է, ապա դա ընդամենն Ադրբեջանը Թուրքիային կապող միջանցք է հանդիսանալու, որտեղ Հայաստանն ընդհանրապես որևէ տնտեսական օգուտ չի կարող ունենալ»:

 

ԶԱՐՈՒՀԻ ԴԻԼԱՆՅԱՆ

Կիսվել