Սատկացրե՛ք ձեր միջի «նիկոլավիշապին» և մերժե՛ք հողատու գլխակերին

Աննա Անտոնյան Մայիս 21, 2021

Արդեն ավելի քան 10 օր հանիրավի «ՀՀ վարչապետի պաշտոնակատար» ներկայացող նիկոլ փաշինի՝ մայիսի 20-ի կառավարության, ապա նույն օրվա ԱԺ արտահերթ նիստում ունեցած ելույթները, որոշակի իմաստով քաղաքական ինքնասպանության ակտեր են: Դժվար է այլ կերպ բնորոշել նրա կոնկրետ այն խոստովանությունը, որ ինքը՝ նիկոլ փաշինը, ստորագրելու է Հայաստանի Տավուշի և Արարատի մարզերից ամբողջական գյուղեր ու տարածքներ թշնամուն հանձնելու «թուղթը» կամ հայտարարությունը, որը դրա նախօրեին գաղտնազերծել ու հրապարակել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:

Չնայած, եթե դիտարկենք կոնկրետ նիկոլ փաշինի վարքն ու գործունեությունը, նախ, որպես ընդդիմադիր, հետո՝ վարչապետի պաշտոնում, ապա նա այնքա՜ն հակասական բաներ է ասել, հաճախ, նույնիսկ միևնույն ելույթում, այնքա՜ն քաղաքական ինքնասպանություններ է գործել, որ իր նկարագիրը արդեն փլավքամի է դարձել, եթե ոչ՝ մաղ: Ճիշտ է, նոյեմբերի 9-ից հետո, հասարակության մի զգալի մասը նրանից ոչ այնքան «քաղաքական ինքնասպանություն» էր ակնկալում, որքան…

Մյուս կողմից, եթե մեկը, տվյալ դեպքում՝ նիկոլ փաշինը, արդեն ավելի քան կես տարի է, ինչ քաղաքական դիակ է, երկրորդական են դառնում քաղաքական ինքնասպանության նրա իրարահաջորդ ակտերը: Քաղաքական դիակ, որը հայտարարում է դեռ ապրող երկիրը ու դեռ չկոտորված ժողովրդին էլ ոչնչացնելու վճռականության մասին:

Նման իրավիճակում շատ ավելի կարևոր է այն, որ հասարակության հարյուր հազարավոր ներկայացուցիչներ սատկացնեն իրենց մեջ բուն դրած և իրենց ու իրենց զավակների ապագան խժռող «նիկոլավիշապին» ու մերժեն հողատու գլխակերին՝ ուսապարկային շոշափուկներով հանդերձ:

Հիմա: Կոնկրետ երեկ, մայիսի 20-ին, նիկոլ փաշինը սաստիկ նեղսրտեց, որ այդ ինչպես է եղել, որ աշխատանքային գաղտնի փաստաթուղթը ա) հայտնվել է Միքայել Մինասյանի տրամադրության տակ, բ) հրապարակվել ու շրջանառվում է, գ) այդ ինչպե՜ս են համարձակվում իրենից պահանջել, որ ինքը հրապարակի Հայաստանի որոշակի տարածքներ ու բնակավայրեր թշնամուն հանձնելու մասին փաստաթուղթն ու դրա գաղտնի հավելվածները: Որքան էլ կայքի տարածքն ափսոս է, մի հակիրճ մեջբերում անենք ինքնակոչ և ուզուրպատոր նիկոլ փաշինի երեկվա ելույթից. «Ես ուզում եմ ձեզ ասել, որ չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված: Այսինքն՝ այս մեկը հրապարակայի՞ն էր, մի հատ էլ կողքից գաղտնի կա՞: Այսինքն՝ սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է»:

Հասկացա՞ք. «չկա և չի կարող լինել ոչ մի գաղտնի հավելված», բայց… «սա ինքնին աշխատանքային գաղտնի փաստաթուղթ է»: Ակնհայտ է, չէ՞, որ նման արտահայտություն անողը տրամաբանության հետ խնդիրներ ունի կամ, որ ամենից հավանականն է, պարզապես էշի տեղ է դնում իր կողմնակիցներին:

Բայց ո՞վ է խոսում երկրի տարածքները թշնամուն հանձնելու մասին գաղտնի փաստաթուղթ ստորագրելու պատրաստակամության մասին: նիկո՛լ փաշինն է խոսում: Այն նույն նիկո՛լը, որ 2018թ. օգոստոսի 17-ին, «վարչապետության 100 օրվա» առթիվ հրավիրած հանրահավաքում, տասնյակ ու տասնյակ հազար մարդկանց առջև հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Ղարաբաղի հարցի լուծողը ժողովուրդն է, և ես ուզում եմ ասել հետևյալը. եթե բանակցային գործընթացի արդյունքում կլինի կարգավորման մի տարբերակ, որին ինքս կհատավամ և կհամարեմ, որ դա լավ տարբերակ է, որևէ մեկը չմտածի, թե ես ձեզնից թաքուն որևէ թուղթ կստորագրեմ կամ որևէ գործողություն կանեմ: Երբ տեսնեմ, որ կա տարբերակ, որի շուրջ իսկապես կարելի է խոսել, ես կգամ և կկանգնեմ այստեղ, բոլոր մանրամասնություններով կներկայացնեմ ձեզ, և դուք կորոշեք՝ մենք գնո՞ւմ ենք այդ տարբերակով կարգավորման, թե չենք գնում: …Դուք եք բարձրագույն իշխանությունը և որոշողը, և սրանում որևէ կասկած չի կարող լինել»:

Ու ի՞նչ, նիկոլ փաշինին ծափահարողներ, «դմփ-դմփ-հու» անողներ, դո՞ւք եք «բարձրագույն իշխանությունը և որոշողը»: Եկա՞վ, ասա՞ց, բոլոր մանրամասնություններով ներկայացրե՞ց: Ո՛չ և կրկին՝ ո՛չ:

Պատերազմի արնաշաղախ աղացի մեջ նետեց երկիրն ու ժողովրդին, ձեզ, մեզ, բոլորի՛ս: Ու թաքո՛ւն ոչ միայն ստորագրեց ու թշնամուն հանձնեց Արցախը, այլև իր սիրելի ալիևի հետ շատ ավելի թաքո՛ւն «բանավոր համաձայնությամբ» ՀՀ տարածքից գյուղեր «կիսելով» հանձնեց ավտոճանապարհ…

Հիմա էլ ասում է, թե՝ «բա գիտե՜ք… սա գաղտնի աշխատանքային փաստաթուղթ է… ո՜նց կարելի է դրա մասին ժողովրդին ասել, ոնց որ ասեն ի՜նչ ես խոսել Պուտինի հետ…» և այլն, և այդպես շարունակ՝ նիկոլ դավանող կռապաշտների հասցեին այլ ձեռառնողական ցնդաբանություններ:

Չէ՛, լուրջ, սատկացրե՛ք ձեր միջի «նիկոլավիշապին», մերժե՛ք հողատու գլխակերին:

Արմեն Հակոբյան

Կիսվել