Երեկ հասարակությանը ցնցեցին Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում արված սահմռկեցուցիչ լուսանկարները, որոնցում մեր նահատակ զինվորների մարմինները կամ մասունքներն էին՝ պարկերի մեջ, գետնին գցված:
Բարձրացված աղմուկին արձագանքեց Առողջապահության նախարարությունը, ով չհերքեց տեղեկությունը, բայց ասաց, որ «չնայած այն հանգամանքին, որ մասունքների տեղաշարժը նպատակահարմար չէ, և դրանց պահման ներկա պայմանները համապատասխանում են մասնագիտական պահանջներին, այնուամենայնիվ, որոշել են ընդառաջել ծնողների ցանկությանն ու տեղափոխել այլ դատաբժշկական կենտրոնի սառնարանային հատված` զերծ պահելով հարազատներին լրացուցիչ ցնցումներից»:
Աղմուկը, սակայն, այս պարզաբանմամբ չդադարեց, և ավելի ուշ ԱՆ-ն տեղեկացրեց, որ Աբովյանի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» մասնաճյուղում այսօրվա արձանագրված մասնավոր դեպքը, գերատեսչությունը` դիերի և մասունքների պահման պատշաճ պայմաններն ապահովելու հետ կապված խնդիրը քննության առարկա կդարձնի:
Այսօր առավոտյան նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ներողություն խնդրեց՝ ընդունելով, որ այնուամենայնիվ, հակառակ երեկվա պնդումներին, մասունքները ոչ պատշաճ պայմաններում են պահվել:
«Երեկ Դատաբժշկական կենտրոնի Աբովյանի մասնաճյուղում արձանագրված դիերի և մասունքների ոչ պատշաճ պահման փաստի հետ կապված ուզում եմ նախ ներողություն խնդրել բոլոր հարազատներից: Իմ բացթողումն է եղել, որ որոշակի տեղափոխություններից հետո նորից անձամբ չեմ այցելել և համոզվել դիակների պահպանման մանրամասներին»,- գրել էր նա:
Քիչ առաջ էլ Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ եղել է «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի»՝ Աբովյանի մասնաճյուղում:
«Քիչ առաջ դուրս եկա Առողջապահության նախարարության Դատաբժշկական կենտրոնի Կոտայքի բաժնից, որտեղ մինչև երեկ հատակին մեր զոհված զինվորների ցելոֆանապատ դիերն էին։
Դիերի մեծ մասն արդեն տեղափոխվել է Մարտունու դիահերձարան և այս պահին սառնարանում ընդամենը 6 դի կար»,- մասնավորապես գրել էր նա՝ խոստանալով մանրամասներ ավելի ուշ հայտնել:
168.am-ն ավելի վաղ զրուցել էր Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմ Արտաշ Խաչատրյանի հետ, ով հաստատել էր, որ Մարտունու դիահերձարանում ևս մինչ այսօր պահվում են մեր զինծառայողների մասունքներն ու մարմինները: Իսկ թե քանի մարմին ու մասունք է պահվում, նա հրաժարվեց պատասխանել՝ ասելով․«Թիվ չեմ կարող ասել Ձեզ»:
Նշեցինք, որ տեղեկություն կա, որ 45 զինծառայողի մարմին ու մասունք է պահվում Մարտունու դիահերձարանում: Արտաշ Խաչատրյանը, սակայն, կրկին ասաց, որ իրենց մոտ կան մարմիններ ու մասունքներ, սակայն թիվ ասել չի կարող:
Նրա խոսքով՝ բոլոր մարմիններն ու մասունքները պահվում են պատշաճ սառնարանային պայմաններում:
«Բոլոր մարմինների փորձաքննություններն ու նմուշառումներն արված են, սպասում ենք գենետիկական փորձաքննության պատասխաններին»,- ասաց Մարտունու դիահերձարանի պաթոլոգ-անատոմը:
Արտաշ Խաչատրյանը չպատասխանեց նաև այն հարցին, թե որքա՞ն ժամանակ են այդ մարմիններն ու մասունքները գտնվում Մարտունիում:
«Չեմ կարող մանրամասնել. Տարբեր ժամանակներում բերել են»,- ասաց նա՝ ի պատասխան մեր հարցին, հավելելով նաև, որ բազմաթիվ մարմիններ ու մասունքներ են նույնականացվել ու հանձնվել հարազատներին:
Նա պնդեց՝ ամեն օր, ամեն վայրկյան դիակների նույնականացում է կատարվում, և նրանք հանձնվում են հարազատներին:
Այսօր, ըստ էության, Մարտունու դիահերձարանում պահվող մարմինների ու մասունքների թիվը կավելանա: