Գնաճն ահագնացել է․ բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2021

Նիկոլ Փաշինյանը պարբերաբար կրկնում է, որ առևտրի շրջանառությունները Հայաստանում ավելացել են։ Ոչինչ, որ դա չի երևում պաշտոնական վիճակագրության մեջ։ Պաշտոնական վիճակագրության մեջ առևտրի ծավալները շարունակում են անկումային լինել, այն էլ՝ երկնիշ։ Բայց համարենք, որ Նիկոլ Փաշինյանը ճիշտ է ասում, և առևտրի շրջանառություններն իսկապես ավելացել են։

Ինչի՞ հաշվին դա կարող էր լինել, երբ մարդկանց եկամուտները գրեթե չեն ավելացել, իսկ բազմաթիվ ապրանքներ կտրուկ թանկացել են։

Իհարկե, գնաճի։

Գնաճն ահագնացել է՝ մեկ տարվա կտրվածքով հասելով 5,8 տոկոսի։ Եթե նույնիսկ ոչինչ չփոխվեր սպառման կառուցվածքում, և մարդիկ շարունակեին այնքան սպառել, որքան սպառում էին մեկ տարի առաջ, ապա միևնույն է՝ առևտրի շրջանառություններն առնվազն 5,8 տոկոսով պիտի ավելանային։ Դա բոլորովին չի նշանակում, թե մարդկանց վիճակը լավացել է և սկսել են ավելի շատ սպառել։ Պարզապես նույնքան ապրանք գնելու համար հիմա նրանք ստիպված են ավելի շատ վճարել։

Առևտրի շրջանառությունը դրանից ավելանում է, իսկ փաստացի գնումները՝ ոչ։

5,8 տոկոս գնաճը՝ եկամուտների չավելացման պայմաններում, լուրջ ծանրություն է սպառողների համար։ Բայց դա այն ամբողջ պատկերը չէ, որը թաքնված է գնաճի տակ։

Երբ ասվում է, որ թանկացումների ճնշումը շատ ավելին է, քան գնաճն է, հենց այնպես չի ասվում։ Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է փաստում, որ գնաճի իրական ազդեցությունը սպառողների վրա անհամեմատ ավելի մեծ է։ Այդպես է, որովհետև առաջնային սպառման ապրանքների թանկացումները շատ ավելին են՝ կրկնակի, նույնիսկ եռակի ու քառակի բարձր, քան գնաճն է։

Համոզվելու համար անցնենք տարբեր ապրանքատեսակների վրայով։

Սկսենք հացամթերքներից։

Պաշտոնական վիճակագրությունն է արձանագրել, որ ալյուրը մեկ տարվա ընթացքում թանկացել է 15,5 տոկոսով։ Բրնձի գնաճը կազմել է 13,5 տոկոս։ Հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 9,4 տոկոսով։

Ամենակարևորը՝ հացի գինը բարձրացել է 8,6 տոկոսով։ Թեև դա հացի թանկացման ամբողջ պատկերը չէ։ Հայտնի է, որ հացի թանկացումը միայն վաճառքի գնով չէ։ Հացը թանկանում է նաև քաշի հաշվին, բայց դա գնի վրա միշտ չէ, որ արտահայտվում է։ Քաշը նվազում  է՝ գների բարձրացմանը զուգահեռ։ Այնպես որ, իրականում հացը շատ ավելի է թանկացել, քան երևացող գնաճն է։

Մակարոնեղենի գները մեկ տարում բարձրացել են 9,4 տոկոսով։

Սրանք այն ապրանքատեսակներն են, որոնք առավել հաճախ են օգտագործվում։ Ու այնպես չէ, որ դրանք կարելի է փոխարինել այլ ապրանքներով կամ ասել, թե դրանց գնաճը փոխհատուցվել է այլ ապրանքների գնանկումով։ Նման բան չկա։ Սրանք ապրանքներ են, որոնք անփոխարինելի են, և առավել հաճախ են սպառում հատկապես սոցիալական անապահով խավերը։

Դրանց գները բարձրացել են, ու հիմա նույնքան ապրանք գնելու դեպքում, սպառողները ստիպված են վճարել ընդհուպ մինչև 15-16 տոկոսով ավելի շատ գումար։

Ստացվեց, որ առևտրի շրջանառությունն այդքանով ավելացավ, բայց սպառողները շարունակեցին սպառել այնքան, որքան սպառում էին նախկինում։

Գանք մսամթերքին։

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ վերջին 1 տարում խոզի միսը թանկացել է 13 տոկոսով։ Թռչնի մսի գնաճն անցնում է 11 տոկոսից։

Կաթնամթերքի, պանրի և ձվի գնաճը հասել է 16,5 տոկոսի։ Հիշեցնենք, որ վերջերս Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը հայտարարում էր, թե կաթնամթերքի շուկայում գների էական բարձրացում չկա։

Եթե սա էական բարձրացում չէ, ապա ո՞րն է էական բարձրացումը։ Ճիշտ է, 16,5 տոկոսի մեջ ներառված է նաև ձուն, որն այս տարի բոլոր առումներով ռեկորդ սահմանեց, բայց դա չի նշանակում, թե կաթնամթերքը քիչ է թանկացել։ Գուցե կաթի գնաճը, որը կազմել է 5,2 տոկոս, Հանձնաժողովի նախագահի համար էական չէ, բայց շատերի համար հաստատ լուրջ ծանրություն է։

Իսկ յուղե՞րը, որոնց գնաճը մոտ է 25 տոկոսին։ Այսպես կոչված, այլ սննդային յուղերը, որոնց մեջ մտնում է նաև ձեթը, թանկացել են ավելի քան 53 տոկոսով։

Ձվի ու շաքարի գնաճի մասին արդեն այնքան է խոսվել, որ իմաստ չկա նորից կրկնել։ Ուղղակի արձանագրենք, որ մի դեպքում գնաճը մոտ է՝ 80, մյուս դեպքում՝ 41 տոկոսին։

Հիմա պատկերացրեք, թե ինչքան ավել գումար են վճարում սպառողներն այնքան ձու կամ շաքարավազ գնելու համար, որքան գնում էին մեկ տարի առաջ։

Ճիշտ այնքան, որքան այդ ապրանքների գնաճն է, դրանց շրջանառությունն այդքանով կավելանար, եթե սպառողները շարունակեին սպառել նախկին ծավալներով։

Սննդամթերքն առաջնային է շատերի համար, բայց այնպես չէ, որ մյուս ապրանքները կարևոր չեն, և դրանց թանկացումներն ազդեցություն չեն ունենում՝ ինչպես սպառողների գրպանի, այնպես էլ՝ առևտրի ծավալների վրա։

Սպիրտային խմիչքներ և ծխախոտ. սպիրտային խմիչքները, այդ թվում՝ օղին, 1 տարվա ընթացքում թանկացել են 13,7 տոկոսով։ Ծխախոտի գնաճը մոտ է 10 տոկոսին։

Որքան էլ ընդունենք, որ սպիրտային խմիչքները կամ ծխախոտը լայն սպառման չեն, դրանք լուրջ կշիռ ունեն սպառողների մեծ մասի ծախսերի մեջ։

Թանկացումների մի քանի օրինակներ էլ բերենք ոչ պարենային ապրանքների շուկաներից։

Ասենք՝ հագուստեղենը և կոշկեղենը, որոնք թանկացել են գրեթե 7 տոկոսով։ Հագուստի այլ պարագաների գները բարձրացել են՝ 14, գործվածքեղենինը՝ 9 տոկոսով։ Կոշիկի գնաճը կազմել է 8,2 տոկոս։ Այս խմբում չես գտնի որևէ ապրանք, որն էժանացել է։ Բոլորն անխտիր թանկացել են։

Տեղափոխվենք սոցիալական մեկ այլ հատված, որը պակաս կարևոր չէ։ Խոսքն առողջապահության մասին է։

Բժշկական ծառայությունների գնաճը կազմել է 6,9 տոկոս, դեղագործական ապրանքներինը՝ ընդհուպ 13 տոկոս։ Կան բժշկական նշանակության ապրանքներ, որոնց գները բարձրացել են մինչև 21-22 տոկոսով։

Տրանսպորտային ծառայությունները մեկ տարում թանկացել են՝ 13, միայն օդային տրանսպորտը՝ 77 տոկոսով։ Փոստային ծառայությունների գնաճը կազմել է 46 տոկոս։ Նամակների առաքումը թանկացել է 130 տոկոսով։

Թանկացումների այս շղթան շատ երկար է։ Դրանք չեն կարող ազդեցություն չունենալ առևտրի շրջանառությունների վրա։ Այլ բան, որ դա լինելու է ոչ թե սպառման ավելացման, այլ գների բարձրացման ու սպառողների գրպանի հաշվին։

Սա ամենևին էլ այն չէ, ինչ փորձում է ցույց տալ Նիկոլ Փաշինյանը՝ պարբերաբար հրապարակելով ՀԴՄ կտրոնների քանակն ու արձանագրվող շրջանառությունները։ Դրանից պետք է տխրել, և ոչ թե՝ ուրախանալ։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

168.am

Կիսվել