...Երբ Աստված ստեղծեց մեզ ու զգաց՝ինչ էակ է ստեղծել, խորը հոգոց հանեց ու արտաբերեց. 《Ծով համբերություն》...ու մենք համբերություն դարձանք։

Աննա Անտոնյան Մարտ 08, 2021

...Երբ Աստված ստեղծեց մեզ ու զգաց՝ինչ էակ է ստեղծել, խորը հոգոց հանեց ու արտաբերեց. 《Ծով համբերություն》...ու մենք համբերություն դարձանք։

Մեզ բաժին հասավ համբերելը։ Մենք կոփվեցինք սպասելիս։ Աստված մեզ 《համբերող》 կարգեց, քանզի էլ ոչ ոք չէր սպասելու այնքան ու այնպես, ինչպես սպասում են Զինվորին, ինչպես հաջողությանն ու հրաշքին են սպասում։ Այդ մենք ենք, որ կարողանում ենք հրաշքներ գործել, հավատալ ու սպասել դրանց։

...Բնության մեջ մենք ենք սպասողը, մենք համբերատար ենք ու հարմարվող...ամեն ինչին։

Աստված ուզեց, որ մենք այսպիսին լինենք։

Բարձրյալն ուզեց, որ մենք տարբերվենք քնքշությամբ, բայց և կոպիտ լինենք օտարի հետ, Աստված ուզեց, որ մենք ի սրտե սիրենք, բայց և հետ առնենք մեր սերը, երբ այն չգնահատվի։

...Նա ասաց 《Մաքուր սիրտ》, ու մենք հանեցինք մեր սրտերից անմաքուրներին։

Նա ասաց 《Մաքուր հոգի》, և մենք վանեցինք մեզնից ու մեր հոգուց անմաքուր ամեն ինչ...

Նա ասաց, ու մենք ենթարկվեցինք,մենք լսեցինք, հետևեցինք...մենք Նրա մաքրամաքուր ձեռքերի աշխատանքն ենք...մենք ձեռակերտ կտավներ ենք, որ գեղեցկություն ենք տալիս շրջապատին, բայց, ինչպես նկարչի կտավը, այնպես էլ մենք ունենք թաքնված իմաստ, որ ամեն մեկին հասու չէ։

Մեր Նկարիչն էլ ամենքիս մի իմաստ տվեց, բայց ընդհանուր Իմաստ ունենք մենք...մեր իմաստը՝ Մաքրություն։

...Երբ կտավն արդեն պատրաստ էր, նա սրբեց ճակատն ու երկար նայեց...ինչ֊որ բան կարծես պակասում էր։ Եվ այո՛։ Ժպիտ չկար։ Չի՜ կարելի սիրուն ու նուրբ լինել ու չժպտալ։ Ժպիտ բոլորին է պետք։

Նա հյութալի շրթունքներ նկարեց, ու մի քանի նուրբ վրձնահարվածից հետո...մենք ժպտացինք։ Ժպիտ տվեց մեզ։

Բայց էլի ինչ֊որ բան պակաս էր։ Ու Նա մեզ ժպտալու Պատճառ տվեց։ Որ սիրենք այդ Պատճառին...

Եվ քանզի ոչինչ հարատև չէ...Նա ասաց, որ այդ Պատճառն էլ հավերժ չի լինելու։ Եվ առանց իր ձեռքերի...մաքրվեց ժպիտը։ Մենք լաց եղանք։ Այնպես որ...Բարձրյալը մեզ արցունք չի՛ տվել։ Մենք ինքնուրույն ենք սովորել լաց լինել։ Եվ արցունքները մեր...ամենևին էլ վրձնի աշխատանք չեն։

Բայց...Նա ամենաբարին է։ Նա համաձայն եղավ մաքրել դրանք։

Նա մեզ երկա՜ր բացատրեց, որ կյանքում գործում է 《Միակ》֊ի օրենքը։ Մեզ մնում էր ողջախոհ լինել...բայց արցունքների հետ ողջախոհությունն էլ մաքրվում֊անցնում է։

Նա մեզ նրբություն տվեց...շա՜տ նրբություն, որ կարողանանք հանգստացնել...մեր զգացմունքները, մեր ցավերը, հետո բոլորինը...կարողանանք հանգստացնել լաց լինող մանկանը, լաց լինող հոգին(ի՞նչ կարևոր է՝ում)...

Նա մեզ ասաց《Հանգստություն》, ու մենք սովորեցինք հանգիստ լինել և կամ հանգստանալ ամենածայրահեղ դեպքերում անգամ։ Ո՞վ պիտի սառը դատեր, եթե ոչ մայրը՝ որդու սխալ որոշման դեպքում...

Նա մեր մայրերին ասաց 《Մայր》...ու մայր կարգեց նրանց։ Նա անապական մաքրություն տվեց մայրերին, որ փոխանցեն, որ տան, նվիրեն...իրենց Դուստրերին։ Նա դուստր նվիրեց իր ամենամաքուր, ամենաստացված 《Կտավներին》...

Նա ասաց 《Երազանք》...ու մենք երազկոտ դարձանք և երազանք նաև...Իսկ ո՞վ ասաց, որ մենք երազանք չունենք...Նա ինքն է մեզ երազանք տվել...ամեն մեկիս♡

Նա մեզ ասաց 《Սեր》...ու մենք, մոռանալով ամեն ինչի մասին, սիրո ծով դարձանք...

Նա ասաց 《Սահման》,մենք չչափեցինք, այլ չափի զգացումից զգաստացանք։

Նա ասաց 《Կյանք》...ու մենք 《Ապրում》 հասկացանք, մենք մեր կյանքը ապրումների շղթայով կառուցեցինք...մենք կյանքով լցվեցինք...մենք կյանք դարձանք, նո՜ր կյանք...

Նա ասաց 《Սկիզբ》...մենք նորի սկիզբ դարձանք, նորը սկզբնավորեցինք։ Ասաց 《Վերջ》...մենք վերջացանք...բայց հիշվեցինք, մնացինք մենք։

Նա մեզ կերտեց։

Շա՜տ աշխատեց Աստված, կնոջ կտավի համար մեծ ջանքեր պահանջվեցին։ Բայց...նա ամենազոր է. նա անթերի ավարտեց աշխատանքը։

...Եթե քեզ հանդիպի կյանքում մեկը, ում դու Մայրիկիդ կնմանեցնես, ջերմություն կզգաս նրանից, կժպտաս, քնքշություն կզգաս...հավատա՝նա Աստծո կտավներից մեկն է, որ քեզ է ուղարկել հենց Նա՝ամենամեծ Նկարիչը։ Դու հնարավորություն ունես Աստծո ստեղծածն ունենալ կողքիդ ու սրտումդ։ Իսկ կարևորագույն հնարավորությունները...

Աստված մեզ ասաց 《Միայն մեկ անգամ》...ու մենք սովորեցինք ժպտալ, ապրել, գտնել, սիրել, ներել, կորցնել...միայն մեկին, միայն մեկ անգամ...

Մենք չենք կրկնվում, մենք նման չենք միմյանց...մենք Մեկն ենք հազարից, իսկ այդ հազարների մեջ ամենաչնկատվողն ու համեստն ենք, որ աչքի ընկնել չենք սիրում։

Մենք Նրա ձեռքով ստեղծվածն ենք...ձեր կողոսկրից...

#ՍյուՆա

Нет описания фото.

հեղինակ

Կիսվել