Ինչի՞ են պատրաստվում քաղաքական ուժերը․ գուցե «Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման» հաջորդ ռաունդին

Աննա Անտոնյան Հուլիս 02, 2021

 

Այսօր հայտնի դարձավ, որ հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր մոտ է հրավիրել «Պատիվ ունեմ» դաշինքի՝ ԱԺ պատգամավոր ընտրված յոթ թեկնածուներին։ Մինչ այդ, մեծ ժողով էր կազմակերպել «Հայաստան» դաշինքը, որի ղեկավար, Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես էր եկել ելույթով, ազդարարելով, որ «Հայաստան» դաշինքը հանդես է գալու ԱԺ-ում արմատական ընդդիմության դիրքերից։

Զուգահեռաբար, գործող իշխանությունը կարծես թե ավարտել է քաղաքական ուժերի, իսկ ավելի կոնկրետ՝ «հաճախորդների» հետ խորհրդակցությունների առաջին ռաունդը եւ կարծես թե պատրաստվում է երկրորդ ռաունդին։ Ընդհանուր տպավորություն է, որ բոլորը դիրքավորվում են, սպասվող որոշակի իրադարձություններից առաջ, հստակեցնում իրենց բնագծերը, տիրապետած ռեսուրսները գույքագրում, փորձում հասկանալ ապագա դաշնակիցներին կամ հակառակորդներին։ Սա տեսակով նոր երեւույթ չէ հայաստանյան քաղաքական դաշտում։ Հատկապես իշխանություն-հաճախորդներ հանդիպումները դեռ Սերժ Սարգսյանի նախագահության օրերից են հայտնի։

Ու որքան էլ այս ամենը համարենք զուտ ներքաղաքական նույնիսկ բնականոն պրոցեսներ, իհարկե չպետք է մոռանալ, որ Հայաստանն այժմ գտնվում է այնպիսի իրավիճակում, որ ռեգիոնում եւ «դրսում» որոշ իրադարձություններին հետեւելը պարտադիր է, հասկանալու համար, թե երկրի ներսում ինչ է լինելու։

Իսկ «դրսում» տեղի ունեցան Լավրով-Չավուշօղլու բանակցությունները, որոնք ընդհանուր առմամբ ցույց տվեցին, որ ռուս-թուրքական սիրավեպը դեռ մի որոշ ժամանակ էլ կգործի, ու թեեւ Հարավային Կովկասի համար կա մրցակցություն, սակայն երկուստեք դեռ կարող են դա փաթեթավորել սիրատոչոր հավաստիացումներով ու սինխրոնացնել ամեն բան, ինչը նշանակում է, որ ռուս-թուրքական մրցակցության վրա այս պահին ու գոնե մի երկու-երեք տարի, դեռ հույս դնել պետք չէ, ու այն սինխրոնացումը, որ կա հիմա Ղարաբաղի հարցում Մոսկվայի եւ Անկարայի միջեւ, աշխատելու է եւ ամենայն հավանականությամբ, քաղաքական ուժերն էլ արդեն պատրաստվում են «Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցման» հաջորդ ռաունդին։

Կիսվել