Ի՞նչ խնդիրներ է առաջացնում AstraZeneca պատվաստանյութը, ինչո՞ւ են Եվրոպայում հրաժարվում դրանից. Գերմանիայում աշխատող հայազգի բժիշկը մանրամասնում է

Աննա Անտոնյան Ապրիլ 05, 2021

Գերմանիայում արդեն տևական ժամանակ մասնագիտական բավականին լայն շրջանակներ ակտիվորեն քննարկում են կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի ներարկումից հետո գլխուղեղում թրոմբի առաջացման հավանականությունը։

2.3 միլիոն մարդ Գերմանիայում արդեն իսկ ստացել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը, և շուրջ 800 մարդ՝ երկրորդ չափաբաժինը։ Սակայն ավելի քան 30 պացիենտների մոտ պատվաստանյութի ներարկումից 6-10 օր հետո, որպես բարդություն, առաջացել է գլխուղեղի երակային համակարգում թրոմբոզ, և դրանցից մի քանիսը՝ անգամ մահացու ելքով։ Այդ իսկ պատճառով՝ այս պահին գործում են խիստ սահմանափակումներ AstraZeneca պատվաստանյութի կիրառելիության նկատմամբ։

Թեմայի վերաբերյալ 168.am-ը զրուցել է բժիշկ-նյարդաբան, Բեռլինի Շարիտե համալսարանական կլինիկայի ասպիրանտ Սարգիս Աբրահամյանի հետ:

– Որպես նյարդաբան՝ կմանրամասնեք՝ ի՞նչ է գլխուղեղի թրոմբոզը, և ինչքանո՞վ է այն վտանգավոր։ 

– Գլխուղեղի երակային համակարգում և երակածոցերում թրոմբոզի առաջացումը, որպես առանձին հիվանդություն, բավականին լավ ուսումնասիրված է և հայտնի է նյարդաբանության մեջ։ Այն հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, և կանայք երկու անգամ ավելի հաճախ են ունենում տվյալ խնդիրը։

Թրոմբոզի առաջացման պատճառները բավականին տարբեր են և ուղիղ կապ ունեն այնպիսի ռիսկի գործոնների հետ ինչպիսիք են ծխելը, հակաբեղմնավորիչ հաբերի կիրառումը, հղիությունը, արյան մի շարք հիվանդությունները, չարորակ գոյացությունների և աուտոիմուն հիվանդությունների առկայությունը։

Թրոմբի առկայությունը գլխուղեղի երակներում հանգեցնում է ներգանգային ճնշման բարձրացմանը, որը կարող է ունենալ տարբեր կլինիկական դրսևորումներ։ Ամենահաճախ հանդիպող դրսևորումը գլխացավն է, սակայն կարող են ի հայտ գալ մի շարք այլ նշաններ՝ տեսողության խանգարում, գիտակցության խանգարումներ, ընդհուպ՝ մինչև ցնցումների առաջացում։

– Ի՞նչ գանգատներ են ունենում հիվանդները պատվաստումից հետո, և ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժշկի։ 

– Քանի որ տվյալ խնդիրը հիմնականում առաջանում է երիտասարդների մոտ, այդ իսկ պատճառով այս պահին AstraZeneca պատվաստումը Գերմանիայում իրականացվում է միայն 60 տարեկանից բարձր անձանց շրջանում։ Տվյալ տարքային շեմից բարձր խմբերում հավանականությունը տվյալ բարդության առաջացման բավականին ցածր է։ Սակայն, եթե պատվաստումից 6-10 օր հետո առաջանում է գլխացավ և շարունակում է անհանգստացնել մարդուն՝ օրեր շարունակ, և եթե ցավազրկողների ընդունումն օգտակար չէ, անհրաժեշտ է դիմել բժշկի։

 

– Եթե խոսքը թրոմբի առաջացման մասին է, ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ տվյալ մարդկանց մեծ մասի մոտ գրանցվել է ոչ թե թրոմբոցիտների քանակի բարձրացում, այլ ընդհակառակը՝ թրոմբոցիտների քանակը եղել է բավականին ցածր։

– Բավականին հետաքրքիր հարցադրում է, և կարծում եմ՝ կարևոր է անդրադառնալ այս հարցին։ AstraZeneca պատվաստանյութից հետո առաջացած թրոմբոզի մեխանիզմը մի փոքր այլ է մեզ հայտնի մեխանիզմներից։

Գրայֆսվալդի համալսարանական կլինիկայի իմունաբանության և փոխներարկման բժշկության աշխատանքային խումբը հետազոտել և հրապարակել է AstraZeneca պատվաստանյութի և թրոմբոզի առաջացման մեխանիզմը։ Ըստ այդմ, իմունային համակարգն ակտիվանում է և արտադրում հակամարմիններ՝ սեփական օրգանիզմի թրոմբոցիտների նկատմամբ։ Դրա արդյունքում նվազում է թրոմբոցիտների քանակն արյան մեջ, սակայն այդ պրոցեսի արդյունքում նաև մեծանում է թրոմբոցիտների ագրեգացիոն հատկությունը, որն էլ պատճառ է դառնում գլխուղեղի երակային համակարգում թրոմբի առաջացման։

Այս մեխանիզմը նման է մասնագետներին հայտնի հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիա առաջացմանը, և դրա իմացությունը նյարդաբանների համար կարևոր է, քանի որ դրանով պայմանավորված բուժումն էականորեն տարբերվում է մեզ հայտնի գլխուղեղի երակների և երակածոցերի ժամանակ կիրառվող բուժումից։

– Արդյո՞ք պատվաստման և սինուսային երակների թրոմբոզի կամ թրոմբոցիտոպենիայի կապն արդեն հստակ ապացուցված է:

– Շատ երկրներում կա՛մ ժամանակավորապես դադարեցվել է պատվաստանյութի կիրառումը, կա՛մ կիրառվում է խիստ սահմանափակմամբ։ Այս պահին առկա տվյալներով՝ սինուսային երակների թրոմբոզի առաջացումը համարվում է՝ որպես տվյալ պատվաստանյութի կողմնակի ազդեցություն։

– Ինչպիսի՞ հետազոտություններով կարելի է ախտորոշել տվյալ բարդությունը։ 

– Առաջին հերթին անհրաժեշտ է մանրակրկիտ անամնեզ և նյարդաբանական հետազոտություն։ Եթե դրանից հետո առկա է թրոմբոզի կասկած, անհրաժեշտ է արյան ընդհանուր անալիզ, որում, ինչպես արդեն նշեցի, կարող է ի հայտ գալ թրոմբոցիտների քանակի նվազում։ Տվյալ կասկածի դեպքում արյան մեջ անհրաժեշտ է որոշել նաև Դ-Դիմերի ցուցանիշը, որի առկայությունը կարող է վկայել օրգանիզմում թրոմբի առկայությունը, սակայն վերջինս վստահելի ցուցանիշ չէ, և թեստի բացասական արդյունքով հնարավոր չէ բացառել թրոմբոզի առկայությունը։

Վերջնական ախտորոշումը դրվում է համակարգչային շերտագրման կամ ՄՌՏ հետազոտության միջոցով, որոնք հնարավորություն են տալիս տեսանելի դարձնել գլխուղեղի երակային համակարգը և թրոմբի առկայությունը։

Որպես հաստատված փաստ, եթե պացիենտը երիտասարդ է և գտնվում է ռեպրոդուկցիոն տարիքում, անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ԿՏ հետազոտությունից, քանի որ ռենտգենյան ճառագայթներն անցանկալի հետևանքներ կարող է ունենալ ռեպրոդուկցիոն օրգանների համար, և այդ դեպքում նախընտրելի է ախտորոշումն իրականացնել ՄՌՏ հետազոտության միջոցով։

– Եթե պատվաստանյութից հետո առաջանում է այդ բարդությունը, արդյո՞ք ենթարկվում է բուժման։ Կարելի՞ է արդյոք տվյալ դեպքում կիրառել արյունը ջրիկացնող դեղորայք։ 

– Ինչպես արդեն խոսեցինք, տվյալ դեպքում թրոմբոզի առաջացման մեխանիզմն էականորեն տարբերվում է և նման է հեպարին-հարուցված թրոմբոցիտոպենիային։ Հեպարինը հանդիսանում է թրոմբագոյացումը կանխող դեղամիջոց, հասարակությանն ավելի հայտնի արյունը ջրիկացնող դեղորայք։ Սակայն որոշ դեպքերում օրգանիզմը հակառակ կերպ է արձագանքում տվյալ դեղամիջոցի նկատմամբ և առաջացնում թրոմբոցիտների թվի նվազում և պարադոքսալ կերպով թրոմբոզների առաջացում։

Հետևաբար, եթե գլխուղեղի երակային համակարգում և երակածոցերում թրոմբոզի առկայությունը պայմանավորված է պատվաստանյութի հետևանքով, կտրականապես արգելված է կիրառել հեպարին։

Տվյալ դեպքում բուժումն իրականացվում է թրոմբինի ուղղակի ինհիբիտոր՝ «Առգատռոբան»-ի, որը հանդիսանում է հակամակարդիչ պրեպարատ, և ներերակային իմունոգլոբինների կիրառմամբ։

– Արդյոք առկա՞ է նման բարդություններ այլ պատվաստանյութերի կիրառումից հետո։  Ի՞նչ կարծիք ունեք Sputnik V պատվաստանյութի վերաբերյալ։

– Եվրոպական երկրներում այլ պատվաստանյութերի կիրառման հետևանքով նման բարդություններ չեն գրանցվել։ Sputnik V-ի նկատմամբ բավականին մեծ հետաքրքրություն կա նաև Գերմանիայում։ «Լանցետ» բժշկական ամսագրում հրապարակվել է Sputnik V-ի վերաբերյալ հետազոտություն, որի համաձայն՝ տվյալ պատվաստանյութի արդյունավետությունը 91,6 տոկոս է, և ծանր կողմնակի ազդեցություններ նկարագրված չեն։

 

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Կիսվել