Ինչ տեղի կունենա Հայաստանում առաջիկայում

Աննա Անտոնյան Հունիս 22, 2021

Ինչ տեղի կունենա Հայաստանում առաջիկայում։ Այս հարցը կարծես թե հիմա ամենից արդիականն է դառնում, հատկապես, երբ արտահերթ ընտրությունները արդեն կայացել են, արդյունքները հայտնի են։ Մեծ հաշվով, եթե մինչ այս պահը ունեցած արտաքին արձագանքները հաշվի առնենք, արտաքին խաղացողների մոտ, ովքեր ունեն շահեր մեր ռեգիոնում, առանձնապես ոչ ուրախ են, որ Նիկոլ Փաշինյանն է շարունակելու ղեկավարել երկիրը, ոչ էլ տխուր։

Ռուսաստանի համար կարեւորը եռակողմ հայտարարություններն են, դրանցից բխող բոլոր հետեւանքներով, որ քայլ առ քայլ իրականություն դառնան, ԵՄ եւ ԱՄՆ համար էլ կարեւորը Հայաստանի հետ համագործակցությունն է եւ հարաբերությունների զարգացումը, իսկ դիվանագիտական լեզվից թարգմանած՝ իրենց շահերի ապահովումը Հայաստանում։ Ադրբեջանն էլ հիշեցրել է, որ ցանկանում է նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները։

Մեծ հաշվով, արձանագրենք, որ արտաքին աշխարհի համար՝ Հայաստանում ներքին վիճակը ինչ կլինի, առանձնապես հետաքրքիր չէ։ Կարեւորը՝ Հայաստանը շարունակի հետեւողականորեն կատարել իր միջազգային հանձնառությունները, ապահովել մեծ քաղաքականության՝ այս ռեգիոնում շահեր ունեցող ակտորների շահերը։ Ուստի կարող ենք վստահաբար ասել, որ մենք՝ Հայաստանում ապրողներս ենք, որ տապակվելու ենք մեր յուղով, ու այլ ակնկալիք դրսից ունենալու, պետք չէ։ Այս ամենը նկատի ունենալով, ու հատկապես շատ սիմվոլիկ կերպով Ադրբեջանի Պնախարարության պատվիրակության՝ երեկ Մոսկվա այցի փաստը հաշվի առնելով, կարող ենք արձանագրել, որ առաջիկայում Հայաստանի հետ կապված կարելի կլինի սպասել հետեւյալ զարգացումներին․

• Ադրբեջանի հետ սահմանների դելիմիտացիայի եւ դեմարկացիայի գործընթացը կվերականգնվի եւ կշարունակվի։ Այն մի փոքր հապաղել էր, հաշվի առնելով նախընտրական վիճակը։ Իսկ շնորհիվ «երկաթյա մանդատի», ու կայուն մեծամասնության, որով օժտվեց Նիկոլ Փաշինյանը, այժմ գործընթացում դանդաղելու ոչ առիթ կա, ոչ էլ պատճառ։ Ի դեպ այդ դելիմիտացիան ու դեմարկացիան կիրականացվեն ԽՍՀՄ քարտեզներով․ /այստեղ «ֆիզկուլտ-պրիվետ» Սյունիքի եւ Գեղարքունիքի այն բնակիչներին, որոնք Նիկոլ Փաշինյանին են ընտրել․ տարածքներ կորցնելու են իհարկե, բայց դե «ջհանդամը գյոռը», կարեւորը՝ հաստատուն մնա Փաշինյանի «գահը»

• Քանի որ սահմանների դեմարկացիան եւ դելիմիտացիան հնարավոր է միայն այն դեպքում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչեն մեկմեկու եւ հաստատեն դիվանագիտական հարաբերություններ, ապա առաջիկայում նաեւ սա կլինի։ Այսինքն՝ Բաքուն շուտով կունենա իր դեսպանատունը Երեւանում, Երեւանն էլ՝ Բաքվում։ Սա նշանակում է, որ Հայաստանը կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, անկախությունն եւ ինքնիշխանությունը, ասել է, թե՝ վերջնականապես խաչ կդնի ԼՂ կարգավորման հարցում ունեցած իր՝ նույնիսկ չնչին ազդեցության վրա։

• Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը կբերի նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման։ Սա իր հերթին դուռ կբացի, որպեսզի թուրքական ներդրումները գան Հայաստան։ Վրաստանի օրինակով Հայաստանը կենթարկվի տնտեսական էքսպանսիայի։

Կիսվել