Ի՞նչ հարցեր են քննարկել Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչները նոր հանդիպմանը. մանրամասնել է Լուսինե Ավանեսյանը

admin Մարտ 01, 2023

Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության միջնորդությամբ եւ մասնակցությամբ՝ այսօր՝ մարտի 1–ին,  կայացել է Արցախի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչների հերթական հանդիպումը: Այս մասին «Արցախպրես»-ի հետ զրոյցում տեղեկացրել է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը՝ պարզաբանելով, որ քննարկվել են հումանիտար եւ ենթակառուցվաքային բնույթի հարցեր, մասնավորապես՝ Լաչինի միջանցքով մարդկանց, մեքենաների ու բեռների անխափան տեղաշարժի վերականգնմանը, Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարման վերականգնմանը, բնական գազի անխափան մատակարարմանը, ինչպես նաեւ Կաշենի հանքավայրի գործունեության շուրջ մտահոգություններին վերաբերող հարցերը:

«Այլ հարցեր օրակարգում չեն եղել: Հանդիպումն առերեւույթ կառուցողական էր, եւ հույս ունենք, որ արդյունքները երկար սպասեցնել չեն տա»,- նշել է Ավանեսյանը:

Ադրբեջանական ԶԼՄ–ի հրապարակած լուսանկարում երևում է, որ հայկական կողմից բանակցություններին մասնակցում է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը և այլ պաշտոնյաներ։

Հիշեցնենք, որ փետրվարի 24–ին ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության անմիջական մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում էր կայացել։ 

Հանդիպմանը քննարկվել են Արցախի շրջափակման վերացմանը, բնական գազի եւ էլեկտրականության կայուն ու անխափան մատակարարմանը վերաբերող հարցեր: Հանդիպման ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ Հայաստան-Արցախ գազատարի անխափան աշխատանքի ապահովման, Շինուհայր-Ստեփանակերտ 110կՎ միակ բարձրավոլտ օդային գծի վերանորոգման եւ էլեկտրամատակարարման վերականգնման վերաբերյալ:

Կիսվել