Հրդեհի հետեւանքով մահացած բոլոր 15 զինծառայողները եղել են ժամկետային զինծառայողներ․ Գլխավոր դատախազություն
admin
Հունվար 19, 2023
Ազատ գյուղի տարածքում տեղակայված ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Գլխավոր դատախազությունը։
«2023 թվականի հունվարի 19-ին, ժամը 05:15-ին, ՀՀ ՊՆ N զորամասից Վարդենիսի Ռազմական ոստիկանության բաժին հեռախոսագիր է ստացվել, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, նշված զորամասի Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված շինության ներսում վառարանը ավտոբենզինով վառելու ընթացքում հրդեհ է բռնկվել:
Հրդեհի հետևանքով անձնակազմից 15 պարտադիր ժամկետային զինծառայողներ մահացել են: Նույն զորամասի վեց պարտադիր ժամկետային զինծառայողներ և մեկ սպա մարմնական վնասվածքներով, ժամը 02:00-ի սահմաններում, տեղափոխվել են Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:
ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար:
Դեպքի վայր են մեկնել Սևանի կայազորի զինվորական դատախազության դատախազները և ՀՀ ՔԿ ԶՔԳՎ 5-րդ կայազորային քննչական բաժնի քննիչները:
Դեպքի վայր է մեկնել նաև ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:
Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար»,- նշված է Դատախազության հայտարարության մեջ:
Կիսվել