ՀՀ-ն Եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի դիմում` միջանկյալ միջոց կիրառելու պահանջով

admin Սեպտեմբեր 16, 2022

Կիրակոսյանի խոսքով` բոլոր իրավասու, պատկան մարմինների հետ ակտիվ աշխատում են։

Վերջին2 օրվա ընթացքում Հայաստանը Եվրոպական դատարան է ներկայացրել մի քանի իրար համալրող դիմումներ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով և ստացել պատասխաններ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը։ Տեղեկությունը կառավարության նիստում հայտնեց միջազգային իրավական կառույցներում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

«Այս պահին հավաքագրվում են ավելի լայնամասշտաբ վնասի հետ կապված ապացույցները, որոնք ընթացիկ, տարբեր միջազգային իրավական գործընթացների շրջանակում ներկայացնելու ենք»,–ասաց Կիրակոսյանը։

 

Նա հավելեց, որ կան մի քանի միջպետական գործեր Եվրոպական դատարանում և Արդարադատության միջազգային դատարանում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ: Հակառակորդը կիրառում է նաև ԱԹՍ-ներ:

Սեպտեմբերի 14-ին ադրբեջանցիները կրկին հրետակոծել են Ջերմուկն ու Վերին Շորժան, իսկ ավելի ուշ մարտերը վերսկսվել են նաև Սյունիքի մարզի Իշխանասարի հատվածում։

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16–ի կառավարության նիստի ժամանակ հայտնեց, որ հայկական կողմի զոհերի ճշտված թիվը 135 է։

Սեպտեմբերի 14–ի ժամը 20։00–ից հայ–ադրբեջանական սահմանի երկայնքով  հրադադարի ռեժիմ է սահմանվել, որը պահպանվում է մինչ այս պահը։

Կիսվել