Հայտնի է` երբ տեղի կունենա ԵՊՀ ռեկտորի ընտրությունը

admin Նոյեմբեր 06, 2021

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը։

ԵՊՀ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ս.թ. դեկտեմբերի 17-ին: Տեղեկությունը հայտնում է բուհի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԵՊՀ–ում այսօր տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստը, որի ընթացքում ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, իսկ քարտուղարի պաշտոնում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը ձայների մեծամասնությամբ որոշեց չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ»,– նշված է ԵՊՀ–ի հաղորդագրության մեջ:

 

Հիշեցնենք` Երևանի պետական համալսարանն արդեն երկու տարի է, ինչ ռեկտոր չունի։ Արամ Սիմոնյանի հեռանալուց հետո, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր 13 տարի շարունակ, նոր նշանակում տեղի չունեցավ, իսկ կրթօջախի շուրջ լարվածությունը սկսեց աճել․ այս պաշտոնի բոլոր հնարավոր թեկնածությունները կոշտ քննադատության էին ենթարկվում։

Օգոստոսի 5-ին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվելաստվածաբան Հովհաննես Հովհաննիսյանը: Այդ նշանակումը կանխատեսվում էր, իսկ ակադեմիական շրջանակներն այն անընդունելի էին համարում, քանի որ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ է, և այդ հանգամանքը կնպաստի բուհի առավել քաղաքականացմանը։ Բացի այդ, աստվածաբանը չունի ո՛չ դոկտորի գիտական աստիճան, ո՛չ պրոֆեսորի կոչում:

 

Կիսվել