Հայրենակիցներին խաբելու «ռազմարվեստը»՝ միջմայրցամաքային «ճեղքումներով»

Աննա Անտոնյան Ապրիլ 30, 2021

Այս աղետային ու առավել քան «տարօրինակ պատերազմի» ամբողջ ընթացքում նիկոլ փաշինն ու նրա ենթակաները, սպասարկուները ոչ թե սոսկ խաբել են Հայաստանի ժողովրդին և Սփյուռքի հայությանը, այլ կանխամտածված ստել են, մոլորության մեջ են գցել, իրավիճակն ու իրողությունները ներկայացրել են գլխիվայր շրջված:

Այդ կանխամտածված մոլորեցման, բացարձակ ստախոսության սև գործում նիկոլ փաշինն ու նրա ապիկար, դավաճանական իշխանությունն օգտագործել են ՊՆ-ի մամուլի նախկին խոսնակ, այդ պահին դասախոսական աշխատանքի անցած Արծրուն Հովհաննիսյանին: Շատ հնարավոր է, որ Արծրուն Հովհաննիսյանը պարզապես կույր գործիք է եղել՝ նիկոլ փաշինի հակահայ և մինչև վերջին բջիջը ստախոս ռեժիմի ձեռքին: Հնարավոր է:

Բայց զինվորականը, սպան, ավելին՝ փորձառու և տեղեկատվական-քարոզչական ճակատում ամենևին էլ ոչ նորելուկ, հակառակը՝ փորձառու զինվորական սպան, է՛լ ավելին՝ դասախոսը, մասնագիտական գրքերի, հոդվածների հեղինակը պետք է որ չափազանց արագ հասկանար, որ իրեն օգտագործում են, որ իրեն դեմ են տալիս բացարձակ իրականությանը չհամապատասխանող «ամփոփագրեր»: Կարող էր արագորեն գլխի ընկնել, որ պարզապես իրեն օգտագործում են՝ պաշտոնական ստեր տարածելու նպատակով: Առավել ևս, որ կոնկրետ ինքը եղել էր Արցախում մարտական գործողությունների գոտում կամ անմիջական մերձճակատային հատվածներում: Հիշենք թեկուզ ոչ պակաս տխրահռչակ Պեգովի հետ դեպի Հադրութ ընթանալը, սիգարով պատկերը...

Սակայն 44 օր շարունակ Արծրուն Հովհաննիսյանի միջոցով տարածվում էր՝ «հաղթելու ենք», «հաղթում ենք» ու նմանօրինակ քարոզչություն: Կհիշեք: Արծրուն Հովհաննիսյանի գործատու իշխանությունն էլ՝ նիկոլփաշինի գլխավորությամբ, ըստ էության, փակել էր գրեթե բոլոր այլընտրանքային տեղեկատվության հնարավորությունները, պաշտոնականից տարբերվող տեղեկություն տարածելու համար էլ վիշապային տուգանքներ էին սահմանել և կիրառում բացարձակապես բոլորի դեմ, լիներ դա ստախոսների դավաճանական իշխանությանը չենթարկվող լրատվամիջոց, թե պարզապես ֆեյսբուքյան որևէ օգտատեր:

Ինչևէ:

Արծրուն Հովհաննիսյանը գիրք է գրել: «Ռազմարվեստ. Ցամաքային ճեղքում» հնչեղ վերնագրով: Ու մի շնորհավորանքների հեղեղ է՝ իր գրքի հրատարակման և այդ գրքի՝ Երևանի ու Գլենդելի գրախանութներում հայտնվելու առթիվ:

Մարդը, ում անունը (ցավով եմ ասում) այլևս անջնջելիորեն շաղկապված է «տարօրինակ պատերազմում» սեփական հանրությանը մոլորության մեջ գցելու, ցինիկ ծաղրանքի վերածված «Հաղթելու ենք» հեշթեգի հետ... գիրք է հրատարակում ռազմարվեստի, «ցամաքային ճեղքման» մասին: Ինչպե՞ս բնորոշել նման պահվածքը:

Չեմ կարդացել, իհարկե, ոչ էլ պատրաստվում եմ դա անել: Եթե միայն Արծրուն Հովհաննիսյանն այդ գրքում չի բացահայտել կամ ներկայացրել նիկոլ փաշինի և նրա կնոջ հիստերիկ պահանջներով ափալ-թափալ, զուտ էժանագին քարոզչական դիվիդենտներ շահելու նպատակով հարավային ուղղությամբ ձեռնարկված «ցամաքային ճեղքման» մանրամասնությունները: Այն կործանարար ճեղքման, որով ուղղակիորեն մսաղացի մեջ նետվեցին մեր բանակի մարտունակ ստորաբաժանումները՝ ահռելի կորուստներ կրելով օդուժի ու ԱԹՍ-ների բացահայտ գերակշռություն ունեցող թշնամու ռմբահրթիռային հարվածներից:

Այ, եթե Արծրուն Հովհաննիսյանը հայտնի, թե ով է այդ «ճեղքման» որոշումն ընդունել, ով է հրաման տվել, ով է եղել այդ «հանճարեղ» ռազմագործողության զինվորական պատասխանատուն, ով է եղել այն գեներալը, ում անունն այդպես էլ անհայտ է պահվում և այլն, և այլն, և այդպես շարունակ:

Բայց Արծրուն Հովհաննիսյանը նման բան չի ասի: Տակտիկական նկատառումներով:

Դա էլ հո Հ1-ի հարցազրույցատաղավա՞րը չէ, որ տեսախցիկին նայելով ասի, թե իբր 2018-2020 թվականների ընթացքում (նիկոլ փաշինի իշխանավարման օրոք, էլի) բազմապատիկ ավելի շատ բարձրտեխնոլոգիական զենք ու սպառազինություն է ձեռք բերվել, քան «նախկինների» ժամանակ:

Հարկավ, «տարօրինակ պատերազմի» միջոցով պարտություն բեմադրելու, Հայոց բանակի տասնյակ հազարավոր զինվորների կյանքի ու առողջության կորստի գնով, Հայոց բանակը կանխամտածված կազմաքանդելու և որպես գործոն չեզոքացնելու, Հայրենիքի էական հատված թշնամուն հանձնելու և մնացյալ մասը կործանման սպառնալիքի տակ դնելու առումներով հիմնական պատասխանատուն չ-վարչապետ նիկոլ փաշինն է՝ իր բոլոր թիմակիցներով հանդերձ, ներառյալ այդ շրջանում պաշտոնավարած զինվորական վերնախավը:

Այնպես չէ, թե՝ Արծրուն Հովհաննիսյանն է այդ ամենի մեղավորը: Բայց եթե նաև կարծում է՝ հասարակությունը մոռացել է, թե ինչ դեր էր վերապահված իրեն և ինքն ինչպես էր այդ դերը կատարում, ապա նա սխալվում է: Արծրուն Հովհաննիսյանը, նիկոլ փաշինը, Արցախի փաշին աշխատող «նախագահը» և փաշինի կինն այն քառյակն էին, որոնք բայրաքթարերի աղմուկի տակ ապահովում էին մեր պարտության «հաղթական» քարոզչությունը։

Արմեն Հակոբյան

Կիսվել