Հայկ Մարությանը հրավիրվել է ոստիկանություն, բայց հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ

admin Հունվար 12, 2022

Երևանի նախկին քաղաքապետը չի ցանկացել նախկինում իր արած հայտարարությունների մասին հաղորդում տալ հանցագործության վերաբերյալ։

Երևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրության արդյունքում հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

Դեռևս 2022-ի դեկտեմբերի 22-ին ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանը հայտնել էր, որ պաշտոնավարման ժամանակ զանգեր է ստացել նաև տարբեր խնդրանքներով` այս կամ այն շինությունը կառուցելու, այստեղ կամ այնտեղ առևտրի կետ դնելու մասին, որոնք մերժել է` հայտարարելով, որ ինքն աշխատելու է օրենքով։

Եվ, այսպես, դատախազությունից հայտնեցին, որ Մարությանը հրավիրվել և ներկայացել է ոստիկանություն, սակայն հրաժարվել է հաղորդում և բացատրություն տալ։

«Մարությանն ասել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել։ Ըստ նրա` դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ»,–ասացին դատախազությունից։

Այսինքն` այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել:

Հիշեցնենք` 2021-ի դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանին արտահերթ նիստ հրավիրեց և անվստահություն հայտնեց Հայկ Մարությանին, որը քաղաքապետ էր ընտրվել 2018թ. սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներով` «Իմ քայլը» դաշինքի առաջին համարի ներքո։

Օրեր անց` դեկտեմբերի 25-ին, Երևանի քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Կիսվել