ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին կխոսենք, երբ գտնենք, որ բավարարվում են պաշտոնական Երևանի դիրքորոշումներին. Խանդանյան

admin Ապրիլ 06, 2023

Հայաստանը երբեք չի մերժել ՀԱՊԿ դիտորդական առաքելությանը լինել Հայաստանում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

«Ուղղակի այն փաստաթուղթը, որի հիման վրա պետք է առաքելությունը լիներ, շարունակվում է գտնվել լրամշակման փուլում։ Մեզ համար կարևոր է, որ կատարվեն այն արձանագրումները, որոնք պետք է օբյեկտիվորեն ներկայացնեն իրականությունը, թե ինչ է տեղի ունեցել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- նշեց նա։

Խանդանյանի խոսքով՝ առանց իրավիճակը մանրամասն գնահատելու՝ դժվար կլինի պատկերացնել, թե ինչ առաքելություն եւ որ տարածքում այդ առաքելությունը պետք է ՀԱՊԿ-ն իրականացնի. «Այնուամենայնիվ, Հայաստանը երբեք չի մերժել այդ առաքելությունը, Հայաստանը ցանկացել է, որ հստակորեն արձանագրվի խնդիրը»,- ասաց նա։

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն ընդգծեց՝ այն փուլում, երբ Հայաստանը կգտնի, որ այնպիսի նախագիծ է ներկայացվել, որը բավարարում է պաշտոնական Երևանի դիրքորոշումներն ու ցանկությունները, այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին։

Անդրադառնալով Եմ դիտորդներին, Խանդանյանը նշեց, որ նրանք արձանագրում են Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումները. «Դա իրենց հիմնական գործառույթն է: Այդ առաքելության երկամսյա գործունեությունը բարձր գնահատելով ՀՀ կառավարությունը դիմեց ԵՄ-ին, որ ավելի երկար առաքելություն ուղարկվի Հայաստան: Սա շատ կարեւոր է, շատ արդյունավետ է եւ լրացուցիչ երաշխիք է մեր անվտնգության համար: Իհարկե, չեմ փորձում գերագնահատել առաքելության հնարավորությունները՝ հաշվի առնելով, որ այն քաղաքացիական առաքելություն է»:

Կիսվել