Հանձնված Հայաստան

Աննա Անտոնյան Հունիս 02, 2021

Այսօր առավոտյան Երևանի սրտում՝ Աբովյան փողոցում, տասնյակ քաղաքացիների աչքի առաջ տեղի է ունեցել մարդասպանություն. դեռևս անհայտ անձը կամ անձինք փողոցում կրակել են մի քաղաքացու, ով տեղում մահացել է։ Մեծ հավանականությամբ, կատարվածը հատկապես վերջին շրջանում Հայաստանում ակտիվացած քրեածին մթնոլորտի դրսևորում է, ըստ ամենայնի, քրեական ինչ-որ շրջանակ փորձել է հաշիվներ պարզել մեկ այլ քրեական կամ ոչ քրեական շրջանակի հետ։ Տեղի ունեցածի քրեական մանրամասները երևի կպարզի քննությունը։

Բայց կատարվածն ունի շատ ավելի լայն ու խորը համատեքստ, որը, վերջին հաշվով, հանգում է պետության չգոյությանը։

Իրականում Աբովյան փողոցում տեղի ունեցածը բովանդակային առումով նույն երևույթի դրսևորումն է, ինչ մայիսի 12-ին Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում ադրբեջանական զինուժի ներխուժումը։ Երկու դեպքում էլ գործ ունենք պետության փաստացի չգոյության հետ։

Այն տարբերությամբ, որ ադրբեջանցիները՝ օգտվելով անպետություն վիճակից՝ հատել են Հայաստանի արտաքին, իսկ Աբովյան փողոցում մարդասպանություն իրականացրածները՝ ներքին սահմանները։ Որովհետև եթե Ադրբեջանը՝ Հայաստանի արտաքին, ապա ինքնադատաստան տեսնող քրեական աշխարհը՝ հասարակության ներքին թշնամին է։ Երկուսից էլ Հայաստանը՝ որպես պետություն, չի կարողանում պաշտպանել իր քաղաքացիներին։

Պետությունը՝ որպես ինստիտուցիա, հանձնվել է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին հարթությունում։ Արտաքին հանձնումի շահառուներն Ադրբեջանն են ու Թուրքիան, ներքինի պարագայում՝ բոլոր այն խմբերն ու ենթախմբերը, որոնք օգտվելով պետության բացակայությունից, իրենց խնդիրներն են լուծում։ Պետության հանձնումի ամենամեծ տուժողը հասարակությունն է, որի անտրտունջ անտարբերությունն էլ հնարավոր է դարձրել այս իրավիճակը։

Պետությունը պետություն է, առաջին հերթին, իր պոզիտիվ պարտականություններով, որոնց գործառութային իրականացնողն ու պատասխանատուն իշխանությունն է։ Արդեն 20-րդ օրն է՝ այդ իշխանությունը չի կատարում իր գերագույն՝ սահմանների անձեռնմխելիության ու տարածքային ամբողջականության պահպանման պարտականությունը։ Ու մինչ Ադրբեջանն ամրապնդվում է Հայաստանի ինքնիշխան տարածքում, քրեական աշխարհն արյունալի տեսարաններ է կազմակերպում այլևս ոչ անվտանգ Երևանի կենտրոնում։

Երկու դեպքում էլ պետությունը չի կատարում իր պոզիտիվ՝ արտաքին ու ներքին անվտանգության ապահովման պարտականությունները։ Դա չափազանց վտանագավոր է և կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների։ Որովհետև  իր պարտականությունները չկատարող պետությունը՝ ի դեմս գործող իշխանության, ինչ-որ պահից սկսած առնվազն բարոյական իրավունք չի ունենալու մարդկանցից պահանջել կատարել իրենց քաղաքացիական պարտականությունները, սկսած հարկ վճարելուց՝ մինչև զինվորական ծառայություն։

Քաղաքացին միանգամայն արդարացիորեն իր պարտականություններից հրաժարումը կարող է պատճառաբանել պետության պարտականությունների չկատարմամբ։

Քաղաքացիական անհնազանդությունն այսպիսով կարող է դառնալ պետության չգոյության վերջին ակորդը։ Ընդամենը երկու շաբաթ հետո կայանալիք ընտրություններն այդ առումով վտանգավոր, չափազանց վտանգավոր լիցք են պարունակում։

Հարություն Ավետիսյան

 

168.am

Կիսվել