Գյումրիում քանդել են ավագանու ՔՊ-ական անդամի ապօրինի շինությունը

admin Օգոստոս 30, 2022

Գյումրու Տիգրան Մեծ–Լևոն Մադոյան փողոցների խաչմերուկում ապօրինի կերպով կառուցվող շինությունը քանդվել է։ Այս մասին տեղեկացնում է

Գյումրու համայնքապետարանը:

 

Նշվում է, որ քանդման աշխատանքներին տեղում հետևել է Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը։
«Ինքնակամ շինարարական աշխատանքները տվյալ հատվածում մեկնարկել էին օրեր առաջ, որին անմիջապես հաջորդել էր համայնքի ղեկավարի հանձնարարականը՝ կանխելու եւ դադարեցնելու տվյալ աշխատանքները»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը։
«Վերջերս քննարկման առարկա դարձած Լևոն Մադոյան և Տիգրան Մեծ փողոցների խաչմերուկի մայթի վրա կառուցվող ապօրինի շինությունն ապամոնտաժվել է:
Շինարարությունն իրականացնում էր Գյումրու ավագանու ՔՊ-ական մեր գործընկերը:
Տեղի ունեցածը չէր կարող և չի խրախուսվել Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, նմանօրինակ դրսեւորումներն անընդունելի են մեզ համար և դատապարտելի:
ՔՊ ավագանու մեր գործընկերոջ գործողությունները հետևանք են շտապողականության և թյուրըմբռնման:
Օրենքի առաջ բոլորն են հավասար` անկախ կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»,– գրել է նա։

Կիսվել