Եվրախորհրդարանի 33 պատգամավոր Ադրբեջանից պահանջում են լքել ՀՀ ինքնիշխան տարածքը

admin Նոյեմբեր 20, 2021

Եվրախորհդարանի անդամները դատապարտում են ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությունը։

ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Եվրախորհրդարանի 33 պատգամավոր Եվրամիությանը կոչ են արել ստիպել Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը։

ԵԽ պատգամավորները` պատգամավոր Լուկաս Ֆուրլասի նախաձեռնությամբ, նամակով դիմել են ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին՝ անդրադառնալու նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի ներխուժմանը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք:

«Անհրաժեշտ է հստակ գործողություններով ճնշում բանեցնել Ադրբեջանի վրա, որպեսզի անհապաղ և ամբողջությամբ լքի Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը»,–ասված է նամակում։ 

Եվրախորհդարանի անդամները դատապարտում են ադրբեջանական հարձակումը և ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք, որը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրած հրադադարի հայտարարությունը և լրջորեն վտանգում է տարածաշրջանի փխրուն խաղաղությունը։ 

Նրանք նաև խորը ցավ են հայտնում նոյեմբերի 16-ի հարձակման հետևանքով զոհերի համար։

Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն էին նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Նոյեմբերի 16–ին` ժամը 22։30–ի սահմանում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։

Նոյեմբերի 19-ին ՊՆ-ից տեղեկացրեցին, որ նոյեմբերի 16-ին ՀՀ արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հարձակման հետևանքով ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը, այս պահի տվյալներով, ունի 6 զոհ։

Կիսվել