Եթե Փաշինյանը վերարտադրվի, աշխարհը կսկսզի լիաթոք ծիծաղել Հայաստանի վրա
Աննա Անտոնյան
Հունիս 01, 2021
Դատելով Նիկոլ Փաշինյանի՝ ՔՊ-ի տարածքային գրասենյակներ վերջին այցերից եւ այնտեղ տեղի ունեցող հանդիպումներից, կարող ենք եզրակացնել, որ չնայած ընտրապայքարը պաշտոնապես դեռ չի սկսվել, սակայն իշխանությունները որոշել են արդեն նախընտրական արշավին տրվել գլխովին։ Ավելին, նաեւ եթե հաշվի առնենք, թե ինչ թեմաներ է արծարծում Փաշինյանը եւ հատկապես՝ ինչ տոնայնությամբ ու ինչ բառապաշարով, կարող ենք նաեւ ասել, որ նախընտրական արշավի հիմնական թեմաները արդեն պարզ են լիովին։
Մենք արդեն գրել էինք այն մասին, որ ամենայն հավանականությամբ Փաշինյանը ապաշխարողի կեցվածքով է հանդես գալու նախընտրական արշավի ժամանակ։ Սակայն փաստորեն նա հավատարիմ մնաց ինքն իրեն եւ որոշեց շարունակել քաղաքական հակառակորդների նկատմամբ ագրեսիվ հարձակողական մարտավարությունը եւ արդեն հազար անգամ ծեծված ու թե ֆիզիկապես, թե բարոյապես մաշված «նախկինների» թեմայի՝ կրկին ու կրկին շրջանառումը։ Այն տարբերությամբ միայն, որ կարծես թե հիմա նախկինների շարքում ընդգրկվել է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով «Հ1»-ին տված վերջին հարցազրույցում բավական կոշտ, բայց ճիշտ էր արտահայտվել Փաշինյանի հանդեպ։
Ինչ է անում Փաշինյանը, ըստ էության․ Նա ասում է, որ այո, Հայաստանը պարտվել է պատերազմում, կորցրել է Արցախը, այո, հնարավոր է նաեւ կորցնի Հայաստանից որոշ տարածքներ, սակայն դուք այս ամենին մի ուշադրություն դարձրեք, որովհետեւ ես չեմ թալանել եւ շարունակեք աջակցել ինձ։ Սա որեւէ ողջամիտ մարդու համար պետք է առնվազն ծիծաղի առարկա դառնար, եւ ոչ թե համարվեր քաղաքական-նախընտրական պայքարի մարտավարություն։
Սակայն արի ու տես, որ կան մարդիկ, որոնք պատրաստ են այս տխմարությունը ոչ միայն լսելու, այլ նաեւ այս տխմարությանը հավատալու։
Ու սա ամենից ողբերգականն է, որովհետեւ եթե օրինակ այս հավատացողների թիվը լինի շատ եւ Փաշինյանը վերարտադրվի, ապա պարզ է, որ ամբողջ աշխարհն է ծիծաղելու մեզ վրա, որովհետեւ դրսից պատկերը առավել քան ողբերգական է լինելու, քանի որ ստացվելու է, որ հայ հասարակությունը ընտրում է նրան, ով կործանել է ազգային իղձերի եւ երազանքների մի ստվար մասը, դարձել է խայտառակ պարտության պատճառ։ Ավելին Հայաստանն ու հայաստանյան հասարակությունը այդ դեպքում կհամարվի որպես գենետիկ կենսունակությունը կորցրած «բանանային ռեսպուբլիկա», որը վաղ թե ուշ անհետանալու է աշխարհի քարտեզից ու ժողովուրդների ընտանիքից։
politik.am
Կիսվել