<<Էս նկարը գրկած ես պատերազմ անցա>>-Ս․Նավասարդյան

Աննա Անտոնյան Փետրվար 06, 2021

Արցախյան երկրորդ պատերազմի առաջին կամավորներից էր Ս․Նավասարդյանի հայրը։ Այս մասին ֆեյսբուքյան միկրոբլոգում գրում է աղջիկը՝կցելով պատերազմի օրերից լուսանկար։

 

<<Էս նկարը տեսնելուս էմոցիաներն եմ հիշում մենակ՝մի քանի ժամ էր անցել, որ չէի խոսել Պապայի հետ։ Ես չգիտեի, որ արդեն Արցախում է։ Ու չգիտեի, որ էդքան ծանր կտանեմ Իրեն զինվորի հագուստով տեսնելը։

Կարոտը հաղթահարելու միակ ձևը՝գրկել նկարները։ Էս նկարը գրկած ես պատերազմ անցա, սպասեցի ու գրկեցի Իմ Կյանքին ❤

Հպարտանում եմ Նվիրյալ բոլոր զինվորներով, որոնք այնքան քիչ են ու այնքան հզոր։ Սա նկար է այն մասին, որ Զինվոր լինելու, հայրենիքը սիրելու համար զենք վերցնելը քիչ է․․․հագուստ կրելը քիչ է․․․Հայրենիքը սիրում են լուռ, անխոս ու համեստ։ Իսկ ես միայն երեկ իմացա, որ Ինքը դիվերսիա հետ մղելու նպատակով մի ողջ օր միայնակ սպասել է հրամանի։

Հայրենիքը սիրում են զուսպ ու սրտացավ՝հանուն սիրուն ապագայի։ Հայրենիքն ամենաշատը սիրում են պատերազմի դաշտից տուն զանգելիս՝պայթյուների ու կրակոցների տարափի տակ․․․

Հայրենիքը սիրում են տանը, գյուղում, փողոցում ու մեքենա վարելիս, երբ ծխախոտը դուրս չեն նետում ուղղակի։ Հայրենիքը սիրում են այնքան, որ հողի կռիվ տալիս ամեն ընկած Զինվորի համար ցավում են կսկիծով, բայց առաջ են նետվում՝քաջ գիտակցելով, որ հաջորդ հարվածից ապահովագրված չեն։ Սիրում են Հայրենիքը, երբ մի վերջին նռնակ են պահում գրպանում՝սեփական անձի համար․․․

Հայրենիքը սիրում են, երբ չեն քնում, որ մյուս տղերքի համար կրակ վառեն ողջ գիշեր։ Սիրում են Հայրենիքը, երբ պատերազմի թեժ պահերին պար են բռնում, ու ահեղ այդ պարից դղրդում է հայրենի հողը՝թշնամու դողը։

Հայրենիքը սիրում են, երբ սիրելու պարգևով են օժտված լինում․․․երբ իրենց ծանր ավտոմատն ու ուսապարկը կրկնապատկում են, որ ինչ-որ ընկեր ավելի թեթև բարձրանա ծանր Օմար՝Մոնթեի ազատագրած լեռնանցքը․․․

Հայրենիքը սիրում են․․․որովհետև այսքան թանկ կյանքեր արժեցած ուրիշ ոչինչ չկա․․․

Ես հիշում եմ առաջին անգամ Հորս նկարը տեսնելը՝պատերազմի թեժ բովում։ Ես դեռ ապրում եմ պատերազմ-կյանք չեզոք սահմանին։ Ես միայն երեկ իմացա, որ իրենց մեքենան լավ թիրախ է եղել թշնամու համար․․․ու հասկացա, որ Աստված իմ լացակումած աղոթքները լսում էր ու Իրեն պինդ ձեռքով էր պահում։ Ես խնդրում էի, որ Բարձրյալը նախօրոք անցնի այն ճամփեքով, որ Հայրս պիտի անցներ հետո․․․

Հիշում եմ՝ինչքան քիչ էր օդը, երբ խեդղում էր ինձ կարոտը, հիշում եմ հատ-հատ սրտիս ամեն զարկը, որ զարկում էր մի վերջին կաթիլ հավատով, թե ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ հիշող ինձ մի քիչ դժվար է ընդունել իրականությունը․․․ես հավատում եմ, որ ապագան պայծառ ու սիրուն է լինելու, եթե սիրենք էս մի քիչ հողն ու սրտացավորեն հաշիվ տանք մեզ․․․ոչ թե ստորաբար ծախվենք ժամանակավոր ու անարժեք բաներին՝փող, ունեցվածք ու մի կտոր ավել հաց․․․

Հայրենիքը սիրում են, երբ անշահախնդիր են պատերազմում՝հանուն բոլորի․․․

Հ․Գ․ Նկարի ձախ անկյունի Առյուծն իմ Հայրն է՝մարդ, ում աղջ աշխարհից շատ եմ սիրում, իսկ Հայրենիքը սիրում եմ Հորս թանկ պատգամով» ։

mamul.am լրատվական

Կիսվել