Էրդողանը գալու է Ադրբեջան․ ինչ ակնկալել

Աննա Անտոնյան Մայիս 24, 2021

Այսօր հայտնի դարձավ, որ առաջիկա շաբաթներին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը մեկնելու է Ադրբեջան։ Սա իրականում բավական սպասված այց էր թե Բաքվում, եւ թե Անկարայում։ Այն պետք է կայանար դեռ մայիսի 8-9-ին։ Այն ժամանակ դեռ խոսվում էր, որ Էրդողանը անակնկալ կերպով հնարավոր է հայտնվի «ՀարըԲյուլբյուլ» փառատոնի ամփոփիչ համերգին, որն այդ օրերին անցկացվեց Շուշիում՝ Ալիեւների ընտանիքի մասնակցությամբ։ Սակայն Էրդողանը չհայտնվեց այդ ժամանակ Շուշիում, իսկ հետո էլ Գազայի սեկտորում պաղեստինա-իսրայելական բախումների տասնօրյակը սկսվեց, որը իրականում շատ բաներ «դրեց իրենց տեղում»։

Որքան էլ եւ Բաքվում, եւ Անկարայում փորձեն առաջիկա այս այցը ներկայացնել եղբայրության լույսով, հասկանալի է, որ հատկապես պաղեստինա-իսրայելական բախումները բավականին խնդիրներ են ստեղծել եւ Թուրքիայի համար, եւ թուրք-ադրբեջանական հարաբերությունների համար։

• Եթե հետադարձ հայացքով նայենք այդ իրադարձություններին եւ Թուրքիայի պահվածքին, ապա կարող ենք ասել, որ նեո-օսմանական եւ թուրանական ողջ գաղափարախոսությունը, որը որպես հավատամք է ծառայում Էրդողանի համար արդեն տարիներ շարունակ, բացահայտվեց, որ կեղծ կատեգորիաներ են։ Բանն այն է, որ որքան էլ Թուրքիան աղմկեց, դիմեց իր դաշնակիցներին, մահմեդական աշխարհին փորձեց խառնել պաղեստինա-իսրայելական բախումներին, ոչ ոք ըստ էության ոչինչ չարեց եւ պատմության մեջ առաջին անգամ նույնիսկ արաբական աշխարհը ձեռնպահ մնաց կոնկրետ քայլերից, ինչը նշանակում էր, որ այն գործողությունները, որոնք իրականացվում էին Իսրայելի կողմից, ունեին ԱՄՆ «օրհնությունը», իսկ ոչ ոք չհանդգնեց գլուխ բարձրացնել ամերիկյան «օրհնության» դեմ, ներառյալ՝ Ռուսաստանը։ Ավելին, փխրուն հրադադարը հաստատվեց ֆորմալ առումով Եգիպտոսի միջնորդական ջանքերի շնորհիվ, որով Թուրքիայի դերը իր ողջ նեո-օսմանական եւ թուրքական շուքով ու փայլով խայտառակվեց ու ու Էրդողանի ողջ իդեոլոգիան վերածվեց որպես ներսի լսարանի «որոճալու» համար նախատեսված պոստուլատների։

• Ադրբեջանը պաղեստինա-իսրայելական տասնօրյա բախումների ընթացքում որդեգրեց ակնհայտ իսրայելամետ կեցվածք, ի տարբերություն Անկարայի, որը պաղեստինամետ կեցվածք էր որդեգրել։ Սա եւս հետաքրքիր նյուանս է, որը ամենայն հավանականությամբ «մեծ» եւ «փոքր» եղբայրների միջեւ կդառնա քննարկման առարկա։ Ադրբեջանն այս քայլով ինչ որ առումով նաեւ հասկացնում է Անկարային, որ իր շահերն իր համար ավելի կարեւոր են, քան Անկարայի «թելով թելվելը» եւ աջակցությունը Ղարաբաղում, հավիտենական պարտավորություններ չի ենթադրում Բաքվի համար՝ Անկարայի հանդեպ։

Կիսվել