Գործընթացը բեմադրված էր սկզբից մինչև վերջ. Коммерсантъ-ը` երեկ ԱԺ-ում կայացած քվեարկության մասին

Աննա Անտոնյան Մայիս 11, 2021

Ռուսական «Կոմերսանտ» պարբերականն անդրադարձել է Հայաստանի խորհրդարանում երկուշաբթի տեղի ունեցած նիստին, որի ժամանակ վարչապետ ընտրելու երկրորդ ձևական փորձն է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականից հետո:

«Գործընթացը, որը բեմադրված էր սկզբից մինչև վերջ, հարթ անցավ, և այժմ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որոնք նախապես նշանակվել էին հունիսի 20-ին, ոչինչ չի խանգարում»,- գրում է պարբերականը:

Հոդվածագիրը նկատում է. «Երկուշաբթի Հայաստանում տեղի ունեցավ քաղաքական ներկայացման վերջին արարը, որն անհրաժեշտ էր խորհրդարանական ընտրությունների անցկացման համար: Թեև քվեարկության օրն արդեն վաղուց նշանակված է հունիսի 20-ին, և հիմնական քաղաքական ուժերի նախընտրական քարոզարշավն ընթանում է ամբողջ թափով, դրա անցկացման համար պաշտոնական հիմքեր մինչև վերջերս չկային»:

Հեղինակը բացատրում է, որ միակ պատճառը, որով խորհրդարանը կարող է արտահերթ ցրվել, երկրի վարչապետ ընտրելու երկու անհաջող փորձն է, ինչն էլ և տեղի ունեցավ: Առաջին քվեարկությունը տեղի էր ունեցել մայիսի 3-ին, երկրորդը՝ մայիսի10-ին, իսկ Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել ապրիլի 25-ին՝ միևնույն ժամանակ պահպանելով կառավարության ղեկավարի գործառույթները՝ որպես ժամանակավոր պաշտոնակատար:

Ինչպես և նախորդ անգամ, քվերակության արդյունքները բավականին արտասովոր էին. Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում վերընտրելուն կողմ է քվեարկել մեկ պատգամավոր, ևս մեկը՝ դեմ, իսկ 76-ը՝ ձեռնպահ: Ի դեպ, աղբյուրը նկատում է, որ քվեարկությանը մասնակցել է միայն «Իմ քայլը» իշխող կուսակցությունը և մի քանի անկախ պատգամավոր: Երկու ընդդիմադդիր խմբակցությունները պարզապես բոյկոտել են քվեարկությունը: Ընթացակարգի ավարտին խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանը հայտարարել է խորհրդարանի ցրվելու մասին:

«Միևնույն ժամանակ, չնայած տեղի ունեցած ընթացակարգի ողջ ձևականությանը՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը մայիսի 10-ին օգտագործեցին խորհրդարանական ամբիոնն իրենց համար առավելագույն օգուտով: Եթե մեկ շաբաթ առաջ նույն առիթով խորհրդարանում ելույթ ունենալով վարչապետի ժ.պ.-ն խոսում էր երկրի նախկին իշխանությունների ձախողումների մասին, ապա այս անգամ նա որոշել է ընդգծել իր եռամյա կառավարման ձեռքբերումները»,- գրում է հոդվածագիրը՝ նշելով, որ Փաշինյանի խոսքով՝ 2018-2020 թվականներին իր կառավարությանը հաջողվել է բարեփոխել բառացիորեն բոլոր ոլորտները՝ տնտեսությունից մինչև արդարադատություն և բնապահպանություն:

«Բարեփոխումները դատական համակարգում, որի աշխատանքի որակից հաճախ բողոքում է հենց Փաշինյանի թիմը, նա անսպասելիորեն «հեղափոխական» անվանեց»,- նշում է պարբերականը՝ մեջբերեով Փաշինյանի խոսքը. «Երկար տարիներ դատական համակարգը ճնշել է ընդդիմությանը, այժմ դատական իշխանությունների գործողությունների արդյունքում ճնշվում են իշխանությունները: Էլ ուրիշ ինչպե՞ս եք պատկերացնում հեղափոխությունը»:

Աղբյուրը նշում է, որ Փաշինյանը ելույթի ժամանակ որպես իր գլխավոր պարտությունը հայտարարել է Արցախյան պատերազմում կրած պարտությունը, իսկ գլխավոր ձեռքբերումն անվանել է այն, թե իր թիմին իբրև «հաջողվել է իշխանությունը վերադարձնել ժողովրդին»:

Խոսելով Թուրքիայի հետ հարաբերություների մասին՝ Փաշինյանը կրկնել է մայիսի 9-ին Ակունք գյուղի բնակիչների հետ հանդիպմանն իր ասածը. «Թուրքիան մեր թշնամին է, ինչպես նաև մեր հարևանը: Այդ իսկ պատճառով ասում եմ, որ թշնամությունը պետք է վերահսկելի լինի, քանի որ մի օր այն կարող է պայթել»:

 

Աղբյուրը ենթադրում է, որ խորհրդարանական ընտրությունները կարող են չավարտվել մեկ փուլով, քանի որ կուսակցություններից մեկը կամ կոալիցիան պետք է ձայների «կայուն մեծամասնություն» ստանա, որը կկազմի մանդատների առնվազն 54 տոկոսը:

Եթե քաղաքական ուժերից որևէ մեկին չհաջողվի նվազագույնը 54 տոկոս ձայն ստանալ կամ վեց օրում երեք ուժերի կոալիցիա կազմել, որոնց ստացած ձայների ընդհանուր քանակը կկազմի 54 տոկոս, Հայաստանում կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ:

 

168.am

Կիսվել