Այս ամենը մի օր, ի վերջո, պայթելու է

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

Երեք տարի լինելով իշխանության ղեկավար՝ Նիկոլ Փաշինյանը երկրին ու ժողովրդին պատուհասած աղետների մեղավորը կրկին համարում է նախկիններին։ Իր, այսպես կոչված, համակիրների հետ հանդիպումներին ինչ ուզում՝ ասում է, ոնց ուզում՝ ասում է։ Մարդիկ էլ հիացած լսում են, ծափ տալիս, ու մեկը չկա հարցնի, լավ, բա դո՞ւ ինչ ես արել։

Քո ղեկավարած կառավարությունը չէ՞, որ երկիրը հասցրել է այս օրվան։ Դու չէի՞ր գլխավոր բանակցողը, որ բանակցությունները բերիր-հասցրեցիր պատերազմի, դու չէի՞ր գերագույն գլխավոր հրամանատարը, որ տանուլ տվեց պատերազմը, դու չէի՞ր, որ դավաճանի պիտակից վախենալով՝ ժամանակին չկանգնեցրիր պատերազմը, դու չէի՞ր, որ հազարավոր զոհերի ու վիրավորների պատճառ դարձար, դու չէի՞ր, որ ստորագրեցիր կապիտուլյացիայի խայտառակ փաստաթուղթը, դու չէի՞ր, որ Արցախի մեծ մասը հանձնեցիր թշնամուն, ու ոչ միայն՝ Արցախի մեծ մասը, քո ստորագրած փաստաթուղթը կամ փաստաթղթերը չե՞ն պատճառը, որ Զանգեզուրի միջանցք են ուզում, դու չե՞ս մեղավորը, որ թուրքը մտել է մեր տարածք ու դուրս չի գալիս, մեր տարածքում զինվոր են առևանգում ու պատասխան չեն ստանում։

Երկիրն օրհասական վիճակում է, չկա անվտանգության որևէ երաշիք, մարդիկ քուն ու դադար կորցրել են, հազարավոր ընտանիքներ սգում են իրենց երեխաների կորուստները, գերիների ու անհետ կորածների ծնողների համար ամեն օրը դարձել է մղձավանջ, իսկ երկրի ղեկավարը հանդիպումների մեջ է համակիրների հետ, ոգևորված ելույթներ է ունենում, հեքիաթներ է պատմում, ապագայից է խոսում, ծափողջույններ է լսում, կարծես ոչինչ էլ չի եղել. ո՛չ հողեր ենք հանձնել, ո՛չ զոհեր ենք տվել, ո՛չ հազարավոր երիտասարդների ապագան ենք խեղել, ո՛չ հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ ունենք, ո՛չ թուրքը եկել մտել է մեր հողը ու դուրս չի գալիս, ո՛չ էլ անվտանգության խնդիրներ ունենք։

Սրա մասին ինչո՞ւ չեք խոսում։ Ներկան թողած՝ անցյալն եք փորփրում։

Լավ, ինչքա՞ն կարելի է էժանագին քարոզչությամբ զբաղվել ու կեղծիքներով լցնել մարդկանց ուղեղները։ Նախկիններին մեղադրելով՝ մինչև ե՞րբ պիտի թաքցնեք սեփական մեղքերը։

Երեք տարի անսահման իշխանություն եք ունեցել, ինչ ուզել՝ արել եք, հիմա եկել էժանագին քարոզչությամբ փորձում եք պատասխանատվությունն ուրիշների վրա դնել։ Բոլորը մեղավոր են, որ հասել ենք այս օրվան, իսկ որ դա տեղի է ունեցել ձեր իշխանության օրոք, դուք ոչ մի մեղք չունեք։ Ձեր միակ մեղքը, պարզվում է, «թավիշն» է եղել։

Այսպիսի անպատասխանատու պահվածք երբևէ, որևէ իշխանություն Հայաստանում չէր ունեցել։ Այսքան զոհերից ու կորուստներից հետո ինչպե՞ս կարելի է այս աստիճան ամբարտավան լինել։

Մեղադրում եք նախկիններին երկիրը թալանելու մեջ, լավ եք անում, էլի մեղադրեք, չնայած այսքան ժամանակ տեսանք, թե այդ մեղադրանքներն ինչքանով են հիմնավոր, բայց գոնե ասեք նաև, թե դուք ի՞նչ եք արել, ո՞ւր է ձեր կառուցած ապահով, անվտանգ ու բարեկեցիկ երկիրը։

Երեք տարում եղածն էլ հավասարեցրել եք հողին։

Ձև եք անում, թե տնտեսության մեջ ամեն ինչ լավ է, աճեր ենք արձանագրում, ներդրումների հորդումից ու աշխատատեղերի ավելացումներից եք խոսում, բայց չեք ասում, որ այսօր մեր տնտեսությունն ու ՀՆԱ-ն գրեթե այնքան է, ինչքան 2018թ. էր։ Ո՞ւր մնացին ձեր խոստացած հեղափոխական աճերն ու թռիչքային զարգացումները։

2018թ. Հայաստանի ՀՆԱ-ն 12 մլրդ 535 մլն դոլար էր, 2020թ.՝ 12 մլրդ 614 մլն դոլար։ 2018-2020թթ. ՀՆԱ-ն ավելացել է ընդամենը 79 մլն դոլարով։

Սա չէ՞ ձեր աշխատանքի արդյունքը։ Թե՞ սրա մեղավորն էլ նախկիններն են, որ ձեր փոխարեն ներդրումներ չեն կարողացել բերել ու տնտեսություն զարգացնել։

Կամ եթե այդքան աշխատատեղեր են ավելանում ու աշխատավարձեր են բարձրանում, ինչո՞ւ է երկրում խորացել աղքատությունը։ Բոլորն են տեսնում, թե համատարած թանկացումներն ինչպես են ազդում մարդկանց վրա։

Քանի՞ խոշոր ներդրումային ծրագիր եք իրականացրել 3 տարվա ընթացքում։ Եղած ծրագրերն էլ ձախողել եք, նորերի մասին նույնիսկ անիմաստ է խոսել։

Տնտեսությո՞ւնն եք վերազինել, թե՞ արտադրողականությունն եք բարձրացրել։

Տնտեսությունը շարունակում է անմրցունակ լինել, սարսափելի ցածր է արտադրողականությունը։ Սուտ էին այն բոլոր պնդումները, որ ներդրումներ են գալու Հայաստան։ Հիմա առավել ևս՝ ներդրումներ չեն գալու։

Ոչ մի նշանակություն չունի, Էկոնոմիկայի նախարարը կասի՝ ներդրումները հորդո՞ւմ են, թե՞ չեն հորդում։ Դրանով չէ, որ պիտի ներդրումներ արվեն։ Իսկ քանի դեռ չկան ներդրումներ՝ մեր տնտեսության արտադրողականությունը հնարավոր չէ բարձրացնել, մրցունակությունն էլ մնալու է ցածր։

Գյուղատնտեսությունից եք խոսում, եղած ու չեղած ծրագրերն եք ներկայացնում, մեկը չկա՝ հարցնի, մինչև հիմա ի՞նչ են տվել այդ ծրագրերը, որտե՞ղ են դրանց արդյունքները, ինչո՞ւ աճ չկա գյուղատնտեսության մեջ։

Տնտեսության այդ կարևոր ոլորտը, որտեղ զբաղված է բնակչության 30 տոկոսը, ինչպես կար, այնպես էլ շարունակում է անկումային մնալ։ Երեք տարի է՝ խոսում եք ցանքատարածություններն ավելացնելու մասին, իսկ ցանքատարածությունները գնալով կրճատվում են։ Խելացի անասնագոմերի կառուցման ծրագիր ենք ֆինանսավորում, վարկերի սուբսիդիաներ ենք տալիս, ապահովագրություն ենք ներդնում, բայց արդյունք չկա, զրո է։

Երեք տարում չհասկացաք, որ ձեր իրականացրած ծրագրերն արդյունավետ չեն, պետք է փոխվեն ու վերանայվեն։ Անիմաստ վատնում եք պետության, առանց այդ էլ, սուղ միջոցները։

Ոչ մեկը չի ասում, թե պետք չէ գյուղատնտեսությանն աջակցել։ Բայց աջակցելն էլ պետք է աջակցության նման լինի։

Երեք տարում ամեն համայնքներում մի քանի հարյուր մետր ասֆալտ ենք փռել, կարծում եք՝ մեծ բան ենք արել։ Քանի՞ նոր հանրապետական նշանակության ճանապարհ ենք կառուցել այս ընթացքում, կամ հիմնովին վերանորոգել։ Միայն ասֆալտ փռելով՝ երկիր չեն կառուցի, տնտեսություն չեն զարգացնի, մարդկանց սոցիալական վիճակը չեն բարելավի։

Մոռացել են, որ այս երկրում 550-600 հազար նպաստառու ու կենսաթոշակառու կա։ Երեք տարում 2 հազար դրամով կենսաթոշակ են բարձրացրել, համարում են, որ իրենց պարտքը կատարել են։

Իսկ ինչո՞ւ թանկացումների մասին չեք խոսում։ Նախկինում պիտի լիներ, որ Նիկոլ Փաշինյանը կաշվից դուրս գար՝ իբր անհանգստացած է սպառողների համար։

Հիմա անհանգստության հիմքեր չկա՞ն, թե՞ մարդիկ այլևս չեն զգում թանկացումների ազդեցությունը։

Ինչքան կարելի է կեղծ բարեպաշտությամբ առաջնորդվել։ Այս ամենը մի օր, ի վերջո, պայթելու է։ Բայց կարող է արդեն շատ ուշ լինել։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

168.am

Կիսվել