Տիգրան Գևորգի Ավետիսյան, Հազար փառք քեզ հավիտյան․․․

Աննա Անտոնյան Ապրիլ 27, 2021

Լուսավոր, բարի, ժպտերես ու նվիրյալ․․․կարելիր է անվերջ հիշել ու բնութագրել իրեն՝Տիգրանին, ով հավերժ քսան տարեկան մնաց և նախընտրեց իր չապրած տարիները կտակել բոլորիս։

Ապրիլի 26-ին Տիգրանի  հայրենի Հրազդան քաղաքի դպրոցում կազմակերպված էր միջոցառում՝նվիրված անմահ հերոսին․ «նշվում» էր Տիգրան Գևորգի Ավետիսյանի ծննդյան օրը, սակայն առանց Հերոսի ֆիզիկական ներկայության։ 

 

 

 

Միջոցառումն անցկացվեց Հրազդանի Ա․Մռավյանի անվան դպրոցում՝Տիգրանի անունը կրող դասարանում։ Ներկա էին ընտանիքի անդամները, ընկերներ, համադասարանցիներ, խոսքով հանդես եկավ Տիգրանի դասղեկը, իսկ համադասարանցիները Տիգրանին նվիրեցին «Վեր կաց, եղբայր իմ» կատարումը։

 

Տիգրանի ծննդյան օրը նրա հիշատակին նվիրվել է նաև պոեմ, որն ամփոփում է Հերոսի վառ կերպարն ու անմահ սխրանքը, որով նա հավերժ կմնա հայոց պատմության փառահեղ քառուղիներում։

Ապրիլի քսանվեց՝հայրենիքին հերոս ծնվեց

Օրն արթնացել էր բարի լուրի բուրմունքով,

Մի տղա պիտի ծնվեր՝սև աչք ու ունքով,

Արևը պայծառ էր, անսովոր ու ջերմացնող,

Երիտասարդ սրտերը պիտի դառնային ծնող։

Լույս էր լույս-աշխարհ գալու այդ օրը՝

Երջանկացնելու համար ջահել հորն ու մորը,

Սեր էր լույս-աշխարհ գալու այդ օրը,

Ում սիրելու էին անխտիր բոլորը․․․

Ինչպե՞ս կնքի հայ ծնողն իր որդուն,

Որ շեն պահի տղան օջախ ու տուն,

Այդպես կոչվում էր մեկ էլ մեծ արքան,

Այո, տղային կոչեցին Տիգրան։

Ինչքան սիրուն, ինչքան լավն էր այս Տղան,

Որ Մայրը որոշեց իր կյանքը տալ նրան,

«Թող փառքով ու հպարտ ապրի իմ Տիգրանը,

Էլ չի ծնվելու աշխարհում նրա նմանը․․․»։

Մեծանում էր մեր Տիգրանը,

Առաջին բառեր, խաղեր, քայլեր առաջին,

Ու սիրում էին իրեն սիրով առանձին,

Տղայի աչքերի մեջ աշխարհներ կային,

Որ ամեն լույսի հետ պիտի արթնանային․․․

Մի օր բակ իջավ, տղերքով կռիվ արեցին,

Ընկերոջը նեղացնողին լավ ծեծեցին,

Տուն էր եկել ինքն էլ ծեծված,

Չէր փոշմանել, ոչինչ, որ ցավաց,

Հայրն իր որդուն մի լավ խորհուրդ ասաց՝

Լսիր տղաս, կյանքը բարդ է,

Ամեն հաջորդ քայլը մեծ թակարդ է,

Պիտի կյանքում ազնիվ ապրես,

Պիտի շուրջդ դու լույս սփռես,

Լավ ճանաչես ընկերոջդ,

Ու պաշտպանես սուրբ քրոջդ,

Պիտի պատժես նենգ թշնամուն

Ու չտրվես թեթև քամուն․․․

Խելացի էր մեր Տիգրանը, շատ էր սիրում հորը,

Հոր խոսքն էր իր կյանքում ամենակարևորը,

Ուշիմ տղան խոսքերն այս հավերժ հիշեց,

Ու այս խոսքերով իր կյանքի էջերը գրեց․․․

Սրտում բոլորի համար պահած սեր ուներ,

Ու իր անեզր սրտով էլ անկեղծ սիրում էր,

Գիտեր ճիշտը խոսել, լռել գիտեր,

Կպաշտպաներ սուրբ քրոջը,

Մենակ չէր թողնի ընկերոջը։

Բայց մի սեր կար,

Որի մասին չէր խոսում երկար,

«Տղերք ժամանակը կգա, կծառայենք,

Այ դրանից հետո արժանի տղա ենք մենք․․․»

Թաքուն սերը մեր Տիգրանի

Իր եզերքն էր հայրենի,

Որ երազում էր պաշտպանել հպարտ,

Ու տուն գալ որպես Զինվոր անպարտ․․․

Ծանուցում եկավ մի օր Տիգրանենց տուն,

Թե հայրենիքն է կանչում ձեր քաջ որդուն,

Տիգրանը թախիծ տեսավ հոր աչքերում,

Բայց խոստացավ՝ ինձ լավ կնայեմ դիրքերում,

Խաղաղ կանցնի իմ երկու տարին, Պապ,

Չպահես սրտումդ ոչ մի տագնապ,

Դու ես ասել, որ կյանքում պիտի ազնիվ ապրել,

Իսկ տղայի համար դա նշանակում է ծառայել։

Պապ, չմտածես, տուն եմ գալու ուրախ տոնով,

Որ ողջ կյանքում հպարտանաս քո Տիգրանով։

Գնա տղաս, Աստված հետդ, իմ Տիգրան,

Ուր էլ լինես՝իմացիր, որ մոտդ կգամ,

Գնա տղաս, գիտեմ՝լավ Զինվոր կլինես,

Ես հիմա էլ հպարտանում եմ, որ դու իմն ես։

Բանակ գնաց մեր Տիգրանը իր սիրո կամքով,

Զորացած մոր օրհնանքով ու հոր աղոթքով,

Ծառայում էր, ուրախ էր, սիրում էր տղերքին,

Հայրենիքի համար էլ կտար ցանկացած գին,

Ու լավ էր անցնում ծառայելու երկու տարին․․․

Սիրահարվել էր, չգիտեմ՝հայրենիքին թե ծառայությանը,

Զինվորական եմ դառնալու,-ասել էր տանը,

Պապ, այս ամենը ես շատ եմ սիրում,

Ու ինձ ողջ հոգով բանակին եմ նվիրում։

Անցնում էր ծառայությունը մեր Տիգրանի,

Աղոթում էինք, որ ամեն օրը մի լավ լուր բերի,

Զինվորի համար ամեն օրը բացվի բարի,

Ու նայում էինք մեր Տիգրանի ճանապարհին։

Մի՞թե աշխարհում ինչ-որ մեկը մոռացավ աղոթել,

Երբ բոլորը սկսեցին գրել, թե պատերազմ է պայթել․․․

Եվ իրոք, պատերազմ էր սահմանին,

Աստված իմ, պինդ պահիր դու մեր Տիգրանին,

Չէ՞ որ ինքն է մեր ցավերի սպեղանին։

Աստված իմ, իրենից առաջ քայլիր այն ճամփեքով,

Որ պիտի Տիգրանն անցնի իր վաշտի տղերքով,

Տեր Աստված, պահիր մեր զինվորին,

Վերջ տուր այս անգութ պատերազմին․․․

Քուն չէր իջնում մեր թաց աչքերին,

Դարձել էինք պատերազմի գերին,

Աղոթում էինք ու հավատում,

Որ շուտով կհաղթեն թշնամուն,

Մեր քաջ տղերքը փառքով կգան տուն․․․

Անիծում եմ տասնչորսը հոկտեմբերի,

Ում տարել է, թող մեզ հետ բերի,

Մեր Տիգրանին հայրենիքը տարավ,

Մենք մնացինք մեր հերոսին ծարավ․․․

Նախանձում եմ քեզ, երկինք,

Որ այդքան հարուստ ես,

Բարկանում եմ ես, հայրենիք,

Մեզ համար դու կորուստ ես։

Դու հրամայեցիր կրակել,

Ու Տիգրանս կրակեց անարգել,

Տիգրանը, ախր, քեզ է պաշտպանել,

Դու պարտավոր էիր իրեն լավ պահել․․․

Տիգրանը քաջի նման անմահացավ,

Մեր սրտերը զգացին ողբ ու ցավ,

Ու չկա էլ ոչ մի մխիթարանք․․․

Տիգրանին այսօր ծաղիկներ տարանք,

Մեր Տիգրանը, որ ուներ սեր ու հարգանք,

Այսօր արդեն Հերոս է փառավոր,

Ումով ապրում ենք մեր ամեն օրը․․․

Փառք հայրենիքին ու այն մորը,

Որ հայրենիք պահող է ծնում,

Ու հայրենի հողն իրենով սնում․․․

Փառք քեզ, մեր հավերժ Տիգրան,

Խոստանում եմ՝անունդ միշտ հպարտությամբ կտամ,

Քեզ կնվիրեմ իմ կյանքի ուղին,

Կհաղթահարեմ ամեն փակուղի,

Կգրեմ քո մասին դեռ բազում տողեր,

Որ տալիս են սրտիս կարոտի դողեր։

Դու հավերժ զինվոր ես հիմա,

Հպարտ ենք քեզնով, մեր քաջ Տիգրան,

Ու կարոտում ենք քեզ անսահման։

Բայց հարգում ենք որոշումը քո,

Որ կայացրել ես քաջությանդ ներքո,

Դու քեզ նվիրել ես հայրենիքին,

Ու վճարել ես շատ թանկ գին,

Իսկ մեզ թողել ես՝ որպես մխիթարանք,

Շատ թանկ ու կարևոր կյանք․․․

Ես լավ գիտեմ, որ դու հաղթել ես,

Բայց ուզում եմ էլի հաղթանակ մաղթել քեզ,

Որ երկնքից դու մեզ ուղղորդես,

Որ մեր օրերին կյանք հաղորդես․․․

Այսօր ու հավերժ դու քսան տարեկան,

Շնորհակալ ենք քեզ, մեր բարի Տիգրան,

Դու քո տարիները մեզ ես կտակել,

Ու քո սխրանքով հավերժ հաղթանակել․․․

Տիգրան Գևորգի Ավետիսյան

Հազար փառք քեզ հավիտյան․․․

Հաճախ երազներիս արի,

Իմ հրեշտակ, իմ պահապան բարի․․․

#Տիգրանը_հանուն_Տիգրանի

Возможно, это крупный план (1 человек, борода и текст)

 

 

Հարազատ դպրոցի բակում կատարվեց նաև ծառատունկ․

 

Հայոց պատմության հերոսական էջերը շատ են, և Տիգրան Ավետիսյանն այդ պատմության մեջ իր ձեռաագրով գրել է մի այլ առասպելական հերոսություն, որ հատուկ է միայն նվիրյալներին, քաջերին, հայրենապաշտներին։ Փառք Հայ Զինվորին, փառք Հայ Հերոսներին, իրական խաղաղության համար հերոսաբար ընկածներին հավերժ փառք․․․

 

Կիսվել