Արա Աբրահամյանը մասնակցել է ռուսաստանցի և ամերիկացի գերիների փոխանակման կազմակերպմանը

admin Դեկտեմբեր 13, 2022

2022 թվականի դեկտեմբերի 8-ին Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի օդանավակայանում տեղի էր ունեցել ամերիկացի բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայների փոխանակումը ռուսաստանցի գործարար Վիկտոր Բուտի հետ։ Այս մասին հայտնում է Hetq.am-ը։

Նրանց փոխանակման շուրջ բանակցություններն ընթանում էին մի քանի ամիս։ Գրայները Ռուսաստանում դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի մաքսանենգության համար, իսկ Վիկտոր Բուտը ԱՄՆ-ում դատապարտվել էր 25 տարվա ազատազրկման՝ ԱՄՆ-ի դեմ դավադրության ու զենքի վաճառքի մեղադրանքներով։

Ամերիկյան The Wall Street Journal-ը պատմել է նրանց փոխանակման մանրամասների մասին։ Պարզվում է, որ այդ գործում մեծ դերակատարություն է ունեցել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։

Ամերիկյան պարբերականը գրում է, որ մի քանի ամիս շարունակ կողմերը փորձել են հասկանալ, թե յուրաքանչյուրը ում է պատրաստ փոխանակել։ Ըստ The Wall Street Journal-ի՝ ռուս-ամերիկյան բանակցությունները մինչև այս տարվա ապրիլի վերջն անարդյունք էին, ինչի պատճառը Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումն էր։ Իրավիճակը որոշակիորեն սկսել է փոփոխվել, երբ ապրիլի վերջին ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ամերիկացի ուսանող Թրևոր Ռիդին, որը Ռուսաստանում դատապարտվել էր 9 տարվա ազատազրկման (ոստիկանի վրա հարձակման համար), փոխանակել ռուս Կոնստանտին Յարոշենկոյի հետ, որը ԱՄՆ-ում դատապարտվել էր 20 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի մաքսանենգության մեղադրանքով։

Մայիսի սկզբին ամերիկյան իշխանությունները Գրայներին ճանաչել էին «անիրավաչափ ձերբակալված» և պաշտոնապես հայտարարել, որ կհասնեն նրա հայրենիք վերադարձին։ Սակայն հետագա բանակցություններն արդյունք չէին տվել։ Ամռանը բասկետբոլիստը նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խնդրելով անել հնարավորն իր ազատ արձակման համար։ Սպիտակ տունը հաստատել էր նամակի ստացումը և վստահեցրել, որ ամերիկյան իշխանություններն աշխատում են մարզիկի ԱՄՆ վերադարձի շուրջ։

WSJ-ի փոխանցմամբ՝ բանակցություններին մասնակցել են ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի նախկին նահանգապետ Բիլ Ռիչարդսոնը և ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին մշտական ներկայացուցիչը։ Վերջինս հիմա ղեկավարում է մասնավոր մի ընկերություն, որը մասնագիտացած է բանտարկյալների փոխանակման մեջ։ Ռիչարդսոնի խոսքով՝ նա բազմիցս եղել է Մոսկվայում՝ ներկայացնելով Գրայների շահերը։

Ռիչարդսոնը հայտնել է, որ բանակցություններին մասնակցել է նաև հայազգի գործարար և Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, ով, ինչպես ավելի վաղ ասել էր Ռիչարդսոնը, հիմնարար նշանակություն է ունեցել Թրևոր Ռիդի ազատ արձակման գործում։ Թե կոնկրետ ինչ է արել Արա Աբրահամյանը, ինչպես է նպաստել նրանց փոխանակմանը, լրատվամիջոցը չի մանրամասնում։

The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև պայմանավորվածությունը ձեռք է բերվել նոյեմբերի վերջին։ Փոխանակումից հետո բասկետբոլիստուհին կապ էր հաստատել Սպիտակ տան հետ՝ զրուցելով նախագահ Ջո Բայդենի հետ։

Բրիթնի Գրայների ԱՄՆ վերադարձից հետո մեծ քննարկում էր սկսվել Վիկտոր Բուտի հետ նրա փոխանակման պայմանների շուրջ։ «Նա վտանգավոր մարդ էր։ Չգիտեմ, թե որքան վտանգավոր է նա հիմա»,- ասել էր Նյու Յորքի հարավային շրջանի նախկին դատախազ Փրիթ Բհարարան։

Կոնգրեսական Ադամ Շիֆն էլ հայտարարել էր, որ իրականացված փոխանակումը կարող է ազդակ դառնալ «մյուս բռնակալների» համար, որոնք կձերբակալեն ամերիկացիներին, որ նրանց «հաղթաթղթի» տեղ օգտագործեն։ Կոնգրեսականի խոսքով՝ Վլադիմիր Պուտինը «հետ է ստացել զենքի առևտրով զբաղվողին»։ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջո Բոլթոնն էլ գործարքն անվանել էր «կապիտուլյացիա»։

Կիսվել