Թեհրանը որոշել է միջամտել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հակամարտությանը. Իրանը չի ցանկանում սահմանների փոփոխություն. Независимая газета

Աննա Անտոնյան Մայիս 26, 2021

Իրանը միանում է հայ-ադրբեջանական սահմանային ճգնաժամի կարգավորմանը: Այս մասին գրում է Независимая газета-ն` անդրադառնալով Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի` Բաքու և Երևան այցերին:

«Թեհրանը մտահոգված է նրանով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չհամաձայնեցված սամանագծումը վտանգ կներկայացնի Իրանի շահերին, քանի որ փոփոխություններ տեղի կունենան երկրի հյուսիսային սահմաններին»,- գրում է աղբյուրը` նկատելով, որ Զարիֆը տարածաշրջան կատարած իր նախորդ` հունվարյան այցի շրջանակում երկկողմ հարաբերությունների ստուգում է իրականացրել և գնահատել տարածաշրջանում տեղի ունեցած փոփոխությունները: Սակայն այս անգամ Զարիֆը մտադիր է քննարկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածությունը:

«Կկարողանա՞ արդյոք Իրանի ԱԳՆ ղեկավարն ազդել ստեղծված իրավիճակի վրա: Դժվար թե»,- կարծում է Կենտրոնական Ասիայի և Միջին Արևելքի հարցերով փորձագետ Ալեքսանդր Կնյազևը: Ըստ փորձագետի` «առաջին և շատ կարևոր պահը հունիսի 18-ին Իրանում կայանալիք նախագահական ընտրություններն են»: Նախնական գնահատումներով, ըստ մասնագետի, ներկայիս նախագահ Հասան Ռոհանիի թիմը, այդ թվում` Զարիֆը, վերընտրվելու հնարավորություն չունեն, և նրանց փոխարինելու կգան պահպանողական ուժերը:

«Դատելով ստեղծված իրադրությունից` Զարիֆը նախարարի պաշտոնում մնալու հեռանկարներ չունի: Առավել ևս, որ Ռոհանիի կառավարման երկու ժամկետի ընթացքում բնակչությունը հիասթափվել է նրա քաղաքականությունից: Ռոհանիի գլխավոր անելիքը միջուկային գործարքի կնքում էր և պատժամիջոցների վերացումը, սակայն դա տեղի չի ունեցել: Ներքին սոցիալ-տնտեսական քաղաքականության հարցում Ռոհանիի վարչակազմը չափազանց թույլ է գտնվել: Այդ իսկ պատճառով պահպանողականները հնարավորություն ունեն հաղթելու, սակայն հարցն այն է, թե պահպանողականներից ով կգա իշխանության»,- մեկնաբանում է փորձագետը:

«Զարիֆի այցն ուղղված է տարածաշրջանում իրավիճակի ուսումնասիրությանը: Դժվար թե որևէ համաձայնագիր կնքվի: Դա փորձ է առավել տեղեկացված լինել տեղի ունեցող իրադարձությունների մասին, որպեսզի ծրագրեր և կանխատեսումներ կազմվեն»,- նշում է Կնյազևը: Նրա կարծիքով` հայտնի չէ, թե ինչ ազդեցություն կունենան Զարիֆի այցի արդյունքները, քանի որ պարզ չէ` կշարունակեն արդյոք նրա գիծը իշխանության եկող նոր ուժերը, թե պարզապես ի գիտություն կընդունեն:

Փորձագետի կարծիքով` Իրանը մտահոգված է երկու անդրկովկասյան երկրի հետ սահմանային կայունության և Հայաստանի ու Ադրբեջանի հետ արդեն իսկ սկսած նախագծերն ավարտին հասցնելու հնարավորության հարցով:

«Սակայն Ադրբեջանին Թեհրանում այսօր վերաբերում են որոշակի զգոնությամբ` հաշվի առնելով Թուրքիայի հետ նրա սերտ ռազմական համագործակցությունը, իսկ դա նշանակում է թուրքական ռազմական ներկայություն Կասպյան տարածաշրջանում, ինչն Իրանին ընդհանրապես դուր չի գալիս: Բաքվի և Թել Ավիվի ինտենսիվ համագործակցությունը նույնպես դրական չի ընդունվում Թեհրանում»,- հավելել է մասնագետը:

«Ինչ վերաբերում է Հայաստանի հետ Իրանի համագործակցությանը, որևէ խնդրահարույց նախագծեր չկան: Սակայն դրանց թիվը զգալիորեն ավելի քիչ է, քան Ադրբեջանի հետ: Սակայն Թեհրանը հետաքրքրված չէ իր սահմանամերձ գործընկերների ձևակազմի փոփոխությամբ: Խոսքը «Զանգեզուրի միջանցքի» մասին է, որը գործնականում երկարացնում է Իրանի սահմանն Ադրբեջանի հետ: Զարիֆը կուսումնասիրի այդ հարցերը, քանի որ կողմերը հակասական հայտարարություններ են անում: Իրանի համար շահավետ կլիներ ձգձգել ստատուս-քվոյի պահպանումը և խուսափել հակամարտության սրմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ինչն ստիպում է Իրանին իր ռեսուրսները ծախսել սահմանամերձ շրջաններում իր անվտանգության ոլորտի ուժեղացմանը»,- նկատում է փորձագետը:

 

tert.am

Կիսվել