Նիկոլ Փաշինյանի արյունոտ խոստովանությունը

Աննա Անտոնյան Հունիս 12, 2021

Նախընտրական քարոզարշավի մեկնարկից հետո ամեն օր Նիկոլ Փաշինյանը պատասխանում է օդում կախված ամենակարևոր հարցին՝ փորձելո՞ւ է արդյոք կեղծել ընտրությունների արդյունքները։ Նրա պատասխանը դրական է ու աներկբա․ կեղծելու է միանշանակ ու կեղծելու է անողոքաբար։ Կեղծելը գողության նման է, կարևոր է ոչ այնքան առարկան, որքան երևույթն ինքնին։ Ինչպես որ թաշկինակ գողացողն է ունակ գողանալու ամենաթանկը, այնպես էլ որևէ իրողություն կեղծողն է պատրաստ կեղծելու ամենայնը։

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր քարոզարշավում ամեն օր, յուրաքանչյուր բնակավայրում կեղծում է քաղաքացիների վերաբերմունքը․ նա բեմադրում է սիրո, երկրպագության, խոնարհումի, ծափահարությունների անտաղանդ և  էժանագին ներկայացումներ, որոնք նկարահանվում և ցուցադրվում են բոլոր հնարավոր ցուցադրամիջոցներով։ Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը ամենօրյա ռեժիմով կեղծում է մարդկային ամենանվիրական արժեքներից մեկը՝ սերը, իսկ սեր կեղծողը կկեղծի նաև ընտրություն ու ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է իր նպատակին հասնելու համար։

Մեծ ընտրակեղծարարության պատրաստվելու Նիկոլ Փաշինյանի անթաքույց մղման մասին է խոսում մեկ այլ իրողություն։ Նա ամեն ինչ անում է քաղաքացիների մեջ արթնացնելու վրեժի, ատելության, թշնամանքի զգացումները՝ ամենայն հավանականությամբ ու իրավացիորեն կանխատեսելով, որ ընտրությունների կեղծումը հենց այնպես չի անցնելու, ու լինելու են հետընտրական զարգացումներ։

Ահա այդ զարգացումներում Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ են ատելությամբ լցված խմբեր, մարդիկ, ովքեր անհրաժեշտ պահին կհայտնվեն անհրաժեշտ վայրում՝ նրա համար անհրաժեշտ գործողություններին մասնակցելու նպատակով։ Հենց դրա համար է «սիրո ու հանդուրժողականության» կարգախոսներով  իշխանության եկածը հիմա խոսում վրեժի, վենդետաների, ջարդերի ու գնդակահարության մասին։

Նիկոլ Փաշինյանի այսօրվա բոլոր կարգախոսների վերջնանպատակն արյունն է, նա ամեն ինչ անում է արյան լեգիտիմացման ու արյունն իր քաղաքական նպատակներին, իշխանության պահպանմանը ծառայեցնելու համար։ Ժամանակին, ի դեպ, նա կեղծել է նաև արյունը՝ հեղափոխության օրերին ներկայանալով ձեռքի արնաշաղախ և նկարված սրտիկով վիրակապով՝ Մոնթեի հայտնի լուսանկարին նմանվելու նպատակով, որը, ինչպես հետագայում էր պարզվելու, էժան քարոզչական հնարք էր։ Նա կեղծել էր՝ Ապրիլյան պատերազմի հերոս Ռոբերտ Աբաջյանի պապիկի փոխարեն հանրահավաքին ներկայացնելով  բոլորովին այլ մարդու, որը հանրահավաքի հազարավոր մասնակիցներին կեղծ, հորինված  երազ էր պատմում, թե ինչ էր ասել Ռոբերտ Աբաջյանը Փաշինյանի և նրա հեղափոխության մասին…

Ահա այդ արյան կեղծմամբ նաև իշխանության եկած մարդն այսօր անում է ամեն ինչ իրական արյուն հեղելու ու առանց այդ էլ պատերազմի զոհերով արյունոտված իր իշխանությունն ամբողջությամբ արյան մեջ խորտակելու համար։

Իրավիճակն իրականում վտանգավոր է, չափազանց վտանգավոր, և զարգացումները մեծապես կախված են ընտրություններում ֆավորիտ ուժերի վարքագծից, այն սցենարներից, որոնք մշակվել են հետընտրական այս կամ այն զարգացման համար։ Նրանց պատասխանատվությունը չափազանց մեծ է, քանի որ իշխանությունը դիմելու է ցանկացած քայլի, սադրելու է ամենատարբեր բախումներ, որոնց մեջ չներքաշվելու համար միայն առաջին դեմքերի կամքը բավարար չէ։ Իրավիճակի վտանգավորությունն այն է, որ երկրի կայունության ֆորմալ պատասխանատուն՝ իշխանությունը, հիմա հանդես է գալու՝ որպես անկայունության հիմնական հրահրող։

Այլ կերպ ասած՝ արյունահեղության կանխման ֆորմալ պարտականություն ունեցող սուբյեկտը կարող է դառնալ արյունահեղության հեղինակ՝ դրանից բխող բոլոր անկանխատեսելի հետևանքներով։ Նիկոլ Փաշինյանն այդ հարցում ևս առաջնորդվելու է կեղծելու մեթոդաբանությամբ՝ հնարավոր արյունահեղությունը փորձելով բարդել ընդդիմախոսների վրա։ Նրան երևի թվում է, թե դա նույնքան հեշտ է լինելու, որքան այս քարոզչության ընթացքում իր հանդիպումներին գազելներով, ավտոմեքենաներով և ավտոբուսներով տարվող շրջիկ խմբերի պաշտամունքի էժան ներկայացումների բեմադրումը։

Կեղծ քարոզչական հանդիպումներ կազմակերպելով ու քաղաքացիներին բախումների պատրաստելով՝ Նիկոլ Փաշինյանն իրականում հանդես է գալիս ինքնախոստովանությամբ, որը՝ կախված ընտրությունների ելքից, կարող է կցվել որևէ համարի քրեական գործի՝ «Արյունոտ ինքնախոստովանություն» վերտառությամբ։

Արշավիր Իշխանյան

 

168.am

Կիսվել