Նիկոլ Փաշինյանի նմանակները

Աննա Անտոնյան Հունիս 06, 2021

Նախընտրական քարոզարշավը դեռ պաշտոնապես չի մեկնարկել, փոխարենը՝ արդեն տևական ժամանակ սկսվել է նախընտրական լաչառարշավը։

Դրանց մասնակցում է նաև Նիկոլ Փաշինյանը, որի համար որևէ արշավ առաջին հերթին սեփական ձայնի բարձրացման ու այլոց ինտելեկտի ոտնահարման հնարավորություն է։

Նա այցելում է մարզից մարզ ու քաղաքից քաղաք ու գյուղից գյուղ և բեմականացնում է սեփական անձի ընդունելության տեսարաններ, որոնք փոխարինելու են եկել ընդամենը երկու-երեք տարվա ֆետիշացման ակտերին։

Հիմա Նիկոլ Փաշինյանն այնպիսի վիճակում է, որ, եթե նրան չեն հայհոյում, արդեն իսկ մեծ հաջողություն է։ Բայց այդ բեմականացումների միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանը չէ, իսկ լայն իմաստով՝ նա գուցե մեղավոր էլ չէ։

Երբ մարդուն նվաստացնում են, նվաստացվողը հավասարապես մեղավոր է նվաստացնողների արարքի համար առնվազն այնքանով, որ թույլ է տվել նվաստացումը։ Այս օրերին, ահա, հանրապետությունով մեկ կազմակերպվում են նվաստացման տեսարաններ, որոնց մասնակցում են մարդիկ՝ անուն-ազգանուն, հասցե ունեցող մարդիկ։ Նրանք ոչ միայն մասնակցում են, այլև ծափարահում են Նիկոլ Փաշինյանին, նրան դիմում են «մեծարգո վարչապետ» արտահայտությամբ, ինչը վերջինիս մոտ ստեղծում է եղածն անցած լինելու, կատարվածը մարսված-գնացած համարելու տպավորություն։

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեր հասարակության ամոթի բացակայության կենդանի մոնումենտն է։ Նա միայնակ, անգամ ուսապարկերի թիմով չէր կարող պահպանել իշխանությունն ամոթալի պարտությունից յոթ ամիս անց։

Նրան այդ հարցում օգնել են հարյուրավոր, հազարավոր մարդիկ՝ անուն-ազգանուն, հասցե ունեցող մարդիկ՝ սկսած կառավարության անդամներից՝ մինչև ուժային կառույցների ներկայացուցիչներ, դիվանագետներից՝ մինչև կադաստրի կոմիտեի աշխատակիցներ։

Վստահաբար նրանցից յուրաքանչյուրն ունի իր՝ մեկը մյուսից ավելի սրտաճմլիկ ու պաթետիկ արդարացումը՝ սկսած «ծառայում ենք պետությանը»-ից՝ մինչև «բա ո՞նց ընտանիք պահենք»։

Իրականության մեջ, սակայն, այդ արդարացումներն ավելի ճղճիմ են, քան այն, ինչ Նիկոլ Փաշինյանն է անում դրանց հեղինակների հետ, քանի որ դրանց շնորհիվ Հայաստանում հնարավոր է դարձել Արցախը հանձնած ու հազարավոր զոհերի պատճառ դարձած իշխանության պահպանումը։

Հայաստանում չեն գտնվել մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր ուղղակի, սովորական պարկեշտ մարդիկ, ովքեր կգրեին ազատման դիմումներ ու կհրաժարվեին ծառայել պարտության, մահվան ու ամոթի հեղինակ ու խորհրդանիշ իշխանությանը։ Հայաստանի խնդիրն առաջին հայացքից այդ մի քանի տասնյակ կամ մի քանի մարդու պարկեշտության ու ամոթի բացակայությունն է, բայց ավելի խորքում խնդիրն այն է, որ եթե ինչ-որ հրաշքով գտնվեին այդ մի քանի հարյուր հրաժարվողները, անմիջապես հերթ կգոյանար նրանց փոխարինելու համար։

Հայաստանում պետության կազմաքանդմանը զուգահեռ, իսկ գուցե դրանից ավելի խորը, ավերվել են հանրային բարոյականության ամենապարզ, պարզագույն իմպերատիվները՝ ամոթի զգացումը, ազնվությունն ու պարկեշտությունը, առաքինությունն ու պատասխանատվությունը։

Մենք դարձել ենք կամ մեզ դարձրել են անամոթ, անպատիվ, անազնիվ ու անառաքինի հասարակություն, որի հետ կարող են անել ամեն ինչ, քանի որ բոլոր հատկանիշներից ամենաուժեղն արտահայտված է հարմարվողականության ու չդիմադրողականության հատկանիշը։

Քաղաքական բոլոր տեքստերում ասվում է, որ Հայաստանի ամենամեծ հարստությունը մարդն է։

Դա, ցավոք, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հակաորակները, որոնք կրում է մեր հասարակությունը, մարդուն դարձնում են ոչ թե հարստություն, այլ խնդիր, որից ածանցվում են հանրային ու պետական բոլոր խնդիրները։
Հայաստանում կա ոչ միայն ամեն ինչի ընդունակ Նիկոլ Փաշինյան, այլև տասնյակ, հարյուրավոր կամ հազարավոր մարդիկ, որոնք առաջնորդվում են «մենք բոլորս Նիկոլ ենք» կարգախոսով՝ սկսած նրա թիկնազորի անդամներից՝ մինչև ցուցակում հանգրվանած պատգամավորության թեկնածուներ, որոնք իրականում տեղ են գտել ոչ թե նախընտրական, այլ անամոթության ցուցակում։

Նրանք բոլորը մարդիկ են՝ անուն-ազգանունով, հասցեներով։ Նրանք բոլորը պատրաստ են լինել Նիկոլ Փաշինյան՝ հանուն վերջինիս ավերած կիսաերկրում ինչ-որ պաշտոններ ունենալու և պարգևավճարներ ստանալու։

Նրանք բոլորը Նիկոլ Փաշինյանի նմանակներն են, որոնք հատկապես նախընտրական այս փուլում անհաշվելի են ու շրջում են ողջ հանրապետությունում։

Հարություն Ավետիսյան

168.am

Կիսվել