Աճյունս նրանք Ինչպիսի շուքով Շիրիմ կտանեն․1914-ի այս օրը Սահյանը ծնվեց

Աննա Անտոնյան Ապրիլ 14, 2021

 

Համո Սահյանը ծնվել է 1914 թվականի ապրիլի 14-ին Սիսիանի շրջանի (այժմ՝ Սյունիքի մարզ) Լոր գյուղում։ Սահյանը սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, որտեղ իբրև ուսուցիչ աշխատել էին բանաստեղծներ Գառնիկ Քալաշյանը և Ակսել Բակունցը։ 1927 թվականին Հ. Սահյանը տեղափոխվել է Բաքու, որտեղ ստացել է միջնակարգ կրթություն։ 1935 թվականին ընդունվել և 1939 թվականին ավարտել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը։ 1939-1941 թվականներին աշխատել է Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում որպես գրական աշխատող։ Որպես Կասպիական նավատորմի նավաստի, մասնակցել է նաև Հայրենական մեծ պատերազմին (1941–1945 թթ.)։ 1944 թվականին Զորյանի հրավերով գալիս է Երևան և բնակություն հաստատում նրա տանը։ Հենց Զորյանի օգնությամբ է Սահյանը ստեղծել իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» վերնագրով։ Ստեփան Զորյանի ուշադրությանը Սահյանը պատասխանել է ձոն-նվիրումով, որում եղել են այսպիսի տողեր.  Դուք հոր նման խիստ եք եղել, Ու հոր նման ներող, Ձեր խորհուրդը խորն է եղել Ու խրատը՝ գերող։ 

 

 

ՄԻՋՈՑՆԵՐՍ...

Միջոցներս... չէ, 
Այս անտեր փողից
Բան չեմ հասկանում։
Երբ չեմ ունենում, 
Քունս չի տանում.
- Փող, բարի գալուստ։
Երբ ունենում եմ, 
Քունս չի տանում.
- Փող, գնաս բարով։
Հոգիս դուրս եկավ
Լավ քնողներին
Երանի տալով:

ՀՈԳՍԵՐՍ...

Հոգսերս... նրանք
Պնդաճակատ են
Ու երես առած, 
Խոսք ու խրատիս
Գլուխ չեն դնում, 
Արթնանում են միշտ
Ինձանից աոաջ, 
Ու միշտ ինձանից
Հետո են քնում: 
Մնում է միայն
Մի մխիթարանք.
Այն, որ չեմ կարող
Ինչ անեն-չանեն, 
Չհավատալ, թե
Աճյունս նրանք
Ինչպիսի շուքով
Շիրիմ կտանեն:

Կիսվել