Նախորդ ընտրությունից 2,5 տարի անց․ չկատարված խոստումներ

Աննա Անտոնյան Հունիս 07, 2021

Նախորդ ընտրություններից 2,5 տարի հետո Հայաստանում կրկին արտահերթ ընտրություններ են։ 2018թ. ընտրությունների արդյունքներով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմը կարճ ժամանակահատվածում հասցրեց ամբողջությամբ ձախողել այն նախընտրական խոստումները, որոնց կատարման համար ստացել էր վստահության քվե։

Պատերազմից հետո երկրում առաջացած քաղաքական ճգնաժամը հանգուցալուծելու համար իշխանությունները ստիպված էին վերստին գնալ արտահերթ ընտրությունների։ Թեև մեծ հարց է, թե արտահերթ ընտրությունները որքանո՞վ կկարողանան հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը։

Իշխանություններն ինքնակամ հեռանալու մտադրություն չունեն, չնայած ամբողջությամբ ձախողել են նախորդ նախընտրական ծրագիրը։ Ինչ նոր ծրագրով են նրանք մտադիր ներկայանալ այս անգամ, առայժմ հայտնի չէ։ Իշխող քաղաքական ուժը դեռևս չի հրապարակել իր նախընտրական ծրագիրը։ Թեև դժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ կարող է առաջարկվել ընտրողներին՝ նախորդ ծրագրի համատարած տապալումից հետո։

Նախորդ նախընտրական ծրագրով Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել Հայաստանի ու Արցախի անվտանգության մակարդակի շարունակական բարձրացման, Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման նախաձեռնությամբ։ Այսօր ունենք մի իրավիճակ, երբ վտանգված է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի անվտանգությունը։ Արցախի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման մասին նույնիսկ անիմաստ է խոսել։ Եթե անգամ տեսականորեն այդպիսի հնարավորություն դեռ պահպանվում է, ապա այն հասցրվել է նվազագույնի։

Նիկոլ Փաշինյանի գլխավորած քաղաքական թիմի նախընտրական ծրագիրը Հայաստանում խոստացել էր ապահովել տնտեսական հեղափոխություն, խրախուսել ներդրումները, հաղթահարել աղքատությունը, բարելավել մարդկանց բարեկեցությունը, բարձրացնել պետական ծախսերի արդյունավետությունը։

Սրանք այն հիմնական ուղղություններն են, որոնք պիտի երջանկացնեին քաղաքացուն և կերտեին հզոր պետություն։ Բայց ինչպես տեսնում ենք՝ ո՛չ մեկը կա, և ո՛չ էլ մյուսը։ Իշխանության քաղաքական թիմը տապալել է նախընտրական ծրագրի բոլոր առանցքային խոստումները, որոնց հիման վրա ստացել էր ընտրողների բացարձակ վստահությունը։

Տնտեսական հեղափոխությունը Հայաստանում չսկսված՝ ավարտվեց։ Ավարտվեց նրանով, որ տնտեսությունը հայտնվեց ճգնաժամի մեջ, ու առայժմ չկան հուսադրող հեռանկարներ։

Երբ համաշխարհային տնտեսությունը նախորդ տարվա համավարակից հետո մեծ տեմպերով առաջ է գնում, մեր տնտեսությունը շարունակում է դոփել տեղում։ Առաջին եռամսյակի արդյունքներով ունեցանք 3,3 տոկոսանոց անկում։

Տնտեսական հեղափոխության խոստումներով ընտրողներին գայթակղելով՝ քաղաքական իշխանության եկած թիմը 2,5 տարում ոչ մի շոշափելի առաջընթաց չի կարողացել ապահովել տնտեսության մեջ։ Ներդրումները խրախուսելու փոխարեն՝ ամեն ինչ արել են ներդրումները մեր երկրից վանելու համար։

Նախորդ ընտրություններից հետո Հայաստանում իրականացվել են ընդամենը 371 մլն դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ։ Ընդ որում, ընտրություններից 1 տարի հետո ունեցանք օտարերկրյա ներդրումների ռեկորդային կրճատում։ Անցած տարի դրանք կազմեցին ընդամենը 117 մլն դոլար։ Այնինչ կար ժամանակ, որ օտարերկրյա ուղղակի ներդրումները մեր երկրում հասնում էին տարեկան ընդհուպ մինչև 1 մլրդ դոլարի։ Իշխանություններն իրենց ապաշնորհությամբ տապալեցին՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին ներդրումային քաղաքականությունը։

Մարդկանց կյանքի բարելավումը, որն իշխանության քաղաքական թիմի նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրի առանցքային ուղղություններից մեկն էր, կյանքի է կոչվել միայն սեփական թիմի համար։ Ժողովրդից թաքուն, վարչապետի գաղտնի որոշմամբ, կրկնակի ավելացվեցին պետական բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը։

Պարտավորվել էին բարձրացնել պետական ծախսերի արդյունավետությունը, բայց պետական բյուջեի հաշվին տարեկան միլիարդավոր դրամների պարգևավճարներ են բաժանում։ Այսօր էլ շարունակում են բաժանել, չնայած բազմաթիվ անհրաժեշտ ու հրատապ ծախսեր հետաձգվում են՝ միջոցներ չլինելու պատճառով։

Սա՞ է իշխանությունների պատկերացրած պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, թե՞ այն, որ մեկ անձից կատարվող գնումները հասել են ռեկորդային ծավալների։ Խոսքն այն գնումների մասին է, որոնք իրականացվում են ոչ թե մրցույթներով, այլ ցանկություններով։

Դրանց կոռուպցիոն ռիսկերն անհամեմատ ավելի բարձր են։ Բայց իշխանությունները նախընտրել են նախապատվությունը տալ այդպիսի գնումներին, ինչը ոչ մի կերպ չի տեղավորվում պետական ծախսերի արդյունավետության բարձրացման մեջ։

Իշխանության քաղաքական թիմը նախորդ ընտրությունների նախընտրական ծրագրով խոստացել էր հաղթահարել աղքատությունը, բայց աղքատությունը խորացել է ու գնալով խորանում է։ Պատճառներից մեկն էլ այն է, որ, ի տարբերություն իշխանության վերին օղակներում հայտնված պաշտոնյաների՝ պետական բյուջեն միջոցներ չունի հասարակության առավել անապահով հատվածի եկամուտներն ավելացնելու համար։ Փոխարենը՝ ծախսերն աճում են՝ գնաճին զուգընթաց։

Այսպիսի պայմաններում անիմաստ է սպասել մարդկանց բարեկեցության բարձրացման, որն իշխանության քաղաքական թիմը խոստանում էր ընտրողներին իր նախորդ նախընտրական ծրագրով։

Ի՞նչ կխոստանան այս անգամ, առաջիկայում կտեսնենք։ Բայց այն, ինչ ունեցանք նախորդ ընտրություններից հետո, իսկապես վատագույնն էր, որը կարող էինք երբևէ պատկերացնել։ Իշխանությունը հնարավորինս ձախողել է բոլոր ոլորտներում, իսկ որ ամենակարևորն է՝ վտանգի տակ է դրել երկրի անվտանգությունը։

Այսքան ձախողումներից հետո՝ անկախ նրանից, թե ինչպիսի նախընտրական ծրագիր կներկայացնեն, կարևոր չէ։ Չնայած մեզանում ընտրողները շատ դեպքերում առաջնորդվում են ոչ թե նախընտրական ծրագրերով, այլ անձնական նախասիրություններով ու համակրանք-հակակրանքներով։

Սա է մեր իրականությունը, ինչն էլ դարձել է այսօրվա արհավիրքների հիմնական պատճառներից մեկը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

168.am

Կիսվել