Ատոմակայանի կանգառը նոր հարցեր է առաջադրել

Աննա Անտոնյան Մայիս 23, 2021

Ատոմակայանը մայիսի 15-ից դադարել է էլեկտրաէներգիա արտադրել։ Արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակներում էներգաբոլկը հարկադիր կանգառի վիճակում է։ Կանգառն այս անգամ անհամեմատ ավելի երկար կտևի, քան սովորաբար լինում է ամենամյա պլանային նախազգուշական վերանորոգման և վերալիցքավորման ժամանակ։

Նախատեսված է, որ աշխատանքները կավարտվեն 141 օրվա ընթացքում։

Այսինքն՝ լավագույն դեպքում այն համակարգ կվերադառնա հոկտեմբերի սկզբին։

Այդ ընթացքում Հայաստանն էներգետիկ պահանջարկը բավարարելու խնդիր կունենա։ Հայտնի է, որ ՀԱԷԿ-ն ապահովում է էլեկտրաէներգիայի պահանջարկի 30-40 տոկոսը։ Նախկինում, երբ էներգաբլոկը կանգնում էր պլանային վերանորոգման, նման խնդիրներ չէին առաջանում։ Ջերմային կայանների հզորությունները լիուլի բավարար են փակելու ՀԱԷԿ-ի հարկադիր կանգառի հետևանքով առաջացող բացը։ Հիմա խնդիրը մի քիչ այլ է։

Ապրիլից շահագործումը ժամանակավորապես դադարեցնելու մասին հայտարարեց նաև Հրազդանի 5-րդ էներգաբլոկը։ Կայանում կապիտալ նորոգման անհրաժեշտություն է առաջացել, առանց որի անհնարին է շարունակել հետագա աշխատանքը։ Բայց գումար չկա վերանորոգում անելու համար։

 

Պատճառն այն է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նպատակահարմար չի համարել այդպիսի միջոցներ նախատեսել ընկերության սակագնում։ Իշխանություններին դուր գալու ակնկալիքով, վերջին տարիներին Հանձնաժողովը հնարավորինս ճնշում է կարգավորման դաշտում գտնվող ընկերություններին, որպեսզի խուսափի սակագների բարձրացումից։

Սակագների բարձրացումից խուսափել ոչ միշտ է հաջողվում, բայց որ ավելի վատ է, դա իր ուղղակի հետևանքն է ունենում համակարգի վրա։ Այն գնալով քայքայվում է, մաշվում են եղած ռեսուրսները և աստիճանաբար շարքից դուրս գալիս։

Վկայություններից մեկն էլ «Հրազդան-5»-ն է, որը ֆինանսական դժվարությունների պատճառով ստիպված էր դադարեցնել աշխատանքը։ Բայց դա խնդիրների միայն մի օղակն է։ Խնդիրներն ավելի շատ համակարգային են։

Այս կայանը պիտի աշխատեր Իրան-Հայաստան գազ-էլեկտրաէներգիա ծրագրի շրջանակներում։ Սակայն, քանի որ ծրագրի ընդլայնումը դանդաղում է՝ Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գծի կառուցման աշխատանքների ձգձման հետևանքով, ընկերությունը կանգնել է փաստի առաջ։ Այս ընթացքում աշխատել է վնասով, ինչի հետևանքով ունի շուրջ 100 մլն դոլարի վարկ։ Եվս 16 մլն եվրոյի անհրաժեշտություն է առաջացել գազատուրբինի կապիտալ վերանորոգման համար։

 

«Հրազդան-5»-ի հետ կապված խնդիրները գուցե այդքան ցավոտ չլինեին, եթե չառաջանար նաև ատոմակայանի կանգնեցման անհրաժեշտություն։ 2 խոշոր կայաններ դուրս են մնացել էներգետիկ համակարգից։ Դեռ չհաշված ՀԷԿ-երը։

Վերջին տարիներին Ղարաբաղում կառուցված 2 տասնյակից ավելի ՀԷԿ-երը, որոնք տարեկան Հայաստան էին մատակարարում շուրջ 330 կՎտԺ էժան հոսանք, մնացել են թշնամու հսկողության տակ։

Այս ամենի հետևանքով էներգետիկ համակարգը հայտնվել է բարձր ճնշման տակ։

Պահանջարկը բավարարելու համար ստիպված ենք էլեկտրաէներգիա ներմուծել Վրաստանից։ Այնինչ՝ կար ժամանակ, երբ էլեկտրաէներգիա էինք արտահանում Վրաստան։ Նաև դրա արդյունք է, որ Վրաստանն այն եզակի երկրներից է, որը պարտք ունի կուտակած Հայաստանի նկատմամբ։

Մինչև իշխանափոխությունն ինչ-որ կերպ հաջողվել էր խելքի բերել էներգետիկ համակարգը։ Հիմնականում լուծվել էին այն ֆինանսական խնդիրները, որոնք տարիներ շարունակ ուղեկցում էին այս համակարգին։ Սակայն վերջին 3 տարիները կրկին խորացրեցին համակարգի քայքայումը։

Խնդիրներն առաջիկայում ավելի ակնառու կդառնան՝ հաշվի առնելով սակագների վրա ճնշման մեծացումը։ Թեև գործող սակագներում հաշվարկված է ատոմակայանի երկարատև կանգառի ազդեցությունը, այնուհանդերձ ակնհայտ է, որ այն շատ ավելին է լինելու։ Եվ ոչ միայն՝ ատոմակայանի կանգառով պայմանավորված։

Ի հաշիվ էժան էլեկտրաէներգիայի, մեծացել է թանկ էլեկտրաէներգիայի բաժինն էներգետիկ հաշվեկշռում։ Դրա հետևանքով ավելացել են համակարգի ծախսերը, որոնց մի մասը ներառված չէ սակագներում։

Դա բերելու է նոր ֆինանսական ճեղքվածների, որոնք, միևնույն է, փակվելու են սպառողների հաշվին՝ սակագների բարձրացման ճանապարհով։

Սակագների վրա ճնշումը մեծացել է նաև բարձր գնաճի և ազգային արժույթի արժեզրկման հետևանքով։ Ջերմային կայանների համար գազի սակագինը հաշվարկված է տարադրամով, ու երբ թանկանում է տարադրամը, ջերմային կայանները ստիպված են լինում շատ ավելի մեծ գումար վճարել սպառած գազի դիմաց։

Ինչպես մեր ամբողջ տնտեսությունը, այնպես էլ էներգետիկ համակարգը վերջին տարիներին հայտնվել է ոչ նախանձելի վիճակում։ Անխնա մաշեցվում է եղած ռեսուրսը, որն ինչ-որ պահից պիտի համակարգը կանգնեցներ խնդիրների առաջ։

Ձախողվել են էներգետիկ համակարգի բոլոր ծրագրերն Իրանի հետ։ Դեռ 2 տարի առաջ պիտի ավարտված լիներ երրորդ բարձրավոլտ գծի կառուցումը, ինչը թույլ կտա էապես ավելացնել իրանական գազի ներմուծումը և հայկական էլեկտրաէներգիայի մատակարարումն Իրան։ Մինչև հիմա ծրագիրը ձգձվում է։ Հիմա էլ նախատեսվում է գծի կառուցումն ավարտել տարեվերջին։ Բայց մեծ հարց է, թե ինչքանով կհաջողվի։ Այն աշխարհաքաղաքական իրավիճակը, որի մեջ Հայաստանի իշխանությունները ներքաշել են մեր երկիրը, մեծ սպասելիքներ չեն տալիս։

Իշխանությունները ձախողել են ոչ միայն Իրան-Հայաստան նոր գծի կառուցումը, այլև ընդհանրապես Հայաստանի էներգետիկ ապագան։ Կար ժամանակ, երբ ակտիվորեն քննարկվում էր տարածաշրջանային միջանցքի ստեղծման գաղափարը։ Վերջին տարիներին այն հետին պլան էր մղվել, իսկ այսօր նույնիսկ անիմաստ է նման գլոբալ ծրագրի հետ կապված ակնկալիքներ ունենալը։

Էլ չասենք, թե ինչ անտեղի աղմուկ սարքեցին ատոմակայանի վերակառուցման վարկային միջոցների շուրջ։ Նաև դրա հետևանքն է, որ աշխատանքները եկան-հասան մինչև այսօր։ Դրանք վաղուց պիտի ավարտված լինեին։ Բայց ինչպես մյուս վարկային ու ոչ վարկային ծրագրերի դեպքում, այստեղ էլ թերացան ժամկետների մեջ, ու հիմա ստիպված ենք գրեթե 5 ամիս յոլա գնալ առանց ատոմակայանի։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

 

168.am

Կիսվել